top of page

Միրզոյանը Բրաժեի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության ամրապնդումը

  • 4 minutes ago
  • 1 min read

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի հանդիպման արդյունքներով կայացել է համատեղ մամուլի ասուլիս:


«Վերջին տարիներին Հայաստանին և Լատվիային հաջողվել է կառուցել ամուր և դինամիկ քաղաքական երկխոսություն, բարեկամության ու ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերություն։ Հայաստանն ու Լատվիան գործընկերներ են՝ միավորված ինքնիշխանության, ժողովրդավարության և խաղաղության հանձնառությամբ։


Մեր այսօրվա քննարկումների առանցքում էր տնտեսական համագործակցության ընդլայնումը և Հայաստանի արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը։ Մենք համակարծիք ենք, որ կարևոր է մեր ամուր քաղաքական երկխոսությունը վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների՝ ավելի խթանելով երկկողմ առևտուրը, խրախուսելով ներդրումները և սերտ կապեր հաստատելով մեր գործարար համայնքների միջև։


Այս համատեքստում ես իմ առանձնահատուկ երախտագիտությունը հայտնեցի նախարար Բրաժեին՝ Լատվիայի շուկա հայկական որոշ ապրանքների հրատապ արտահանման դյուրացման հարցում նրա արագ արձագանքի և աջակցության համար։ Այս գործնական աջակցությունը մեծապես գնահատվում է և վկայում է Լատվիայի պատրաստակամությունը՝ նպաստելու Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը խիստ անհրաժեշտ պահին։


Եվրոպական միության հետ Հայաստանի խորացող գործընկերությունը, բնականաբար, կարևոր տեղ է զբաղեցրել մեր քննարկումներում։ Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի համար առանձնահատուկ կարևորություն ունեցող նախաձեռնություններին Լատվիայի հետևողական աջակցությունը։ Այս ուղղությամբ մեր համագործակցությունը բազմաշերտ է և ներառում է գործող համաձայնագրերի կյանքի կոչումը, Հայաստանի դիմակայունության ամրապնդմանն ու տնտեսական դիվերսիֆիկացման խթանմանն ուղղված նախաձեռնությունները, ինչպես նաև գործընկերության նոր ուղղությունների նույնականացումը:


Ես ներկայացրել եմ Հայաստանի ջանքերը՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ հաստատված խաղաղության հետագա ամրապնդմանն ու ինստիտուցիոնալացմանը։ Մենք նաև քննարկել ենք տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը, որն անմիջական արդյունքն է մեր տարածաշրջանում հաստատված խաղաղության և կայունության։ Դրա վառ օրինակ է ԹՐԻՓՓ նախագիծը, որը շուտով կմտնի կառուցման փուլ։ Ես ընդգծեցի, որ տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունները զգալի հնարավորություններ են ստեղծում միջտարածաշրջանային կապերի զարգացման, տնտեսական համագործակցության ընդլայնման և փոխկապակցվածության ծրագրերի առաջմղման համար»,-նշել է Միրզոյանը։

1/3603
bottom of page