Պեսկովը բացել է փակագծերը․ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել
- 1 day ago
- 1 min read

Ռուսաստանի Դաշնությունը չի բացառում Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա ձևաչափով երկխոսության վերականգնումը, թեև հանդիպման հստակ ժամկետների կամ վայրի մասին խոսելը դեռևս վաղ է։
Այս դիրքորոշումը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով ամերիկյան կողմի նախաձեռնություններին և Կիևի հայտարարություններին։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ռուսական կողմը հաշվի է առել նաև ԱՄՆ նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների համապատասխան հայտարարությունը։
Դիվանագիտական շփումների նոր փուլը սկսվել է Մոսկվայում կայացած բարձր մակարդակի հանդիպումներից հետո։ Շաբաթ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ էր վարել ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Շուրջ երեք ժամ տևած զրույցի ընթացքում Պուտինն ընդգծել էր ուկրաինական ճգնաժամի բոլոր հիմնարար պատճառները վերացնելու անհրաժեշտությունը, ինչի մասին լրատվամիջոցներին փոխանցել էր նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Մոսկվայում կայացած շփումներից հետո ամերիկյան պատվիրակությունը Լեհաստանից գնացքով ուղևորվել էր Կիև։ Ուկրաինայի մայրաքաղաքում մի քանի փուլով կազմակերպված քննարկումների պաշտոնական հատվածն արդեն եզրափակվել է։ Ըստ ուկրաինական աղբյուրների՝ բանակցային հաջորդ փուլերին ներգրավվել են նաև եվրոպական առաջատար երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչները։




















