top of page

Նարեկ Կարապետյանին աբսուրդային մեղադրանք է առաջադրվել. կալանավորման հարց չառաջացավ և չէր էլ կարող առաջանալ. Արամ Վարդևանյան

  • 9 hours ago
  • 1 min read


Ոչ մի նոր բան չկա, այսինքն՝ խոսում ենք իրավաբանության հետ ընդհանրապես կապ չունեցող մի աբսուրդային մեղադրանքի մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ խոսելով Նարեկ Կարապետյանին առաջադրված մեղադրանքի մասին:

«Ինչպես երեկ ներկայացրել էինք, կալանավորման հարց ընդհանրապես, այլևս չառաջացավ և չէր էլ կարող առաջանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումից հետո: Մյուս կողմից՝ կան այնպիսի ինտենսիվ խափանման միջոցներ, իհարկե ոչ համեմատության մեջ կալանքի հետ, բայց բացակայելու արգելքը, գրավը ՝որպես խափանման միջոց, որոնք իրենց դատավարական հեռանկարը չունեն և դրանց վերաբերյալ նաև դատավարական վերաբերմունք պետք է լինի, այդ թվում՝ հնարավոր բողոքարկման մասով»,-նշել է նա:

Փաստաբանը ևս մեկ անգամ ընդգծել է՝ Նարեկ Կարապետյանին իրավաբանության հետ կապ չունեցող մեղադրանք է առաջադրվել:

«Քննչական կոմիտեն է նշված գործողությունները կատարել, Դատախազությունն էլ այսօր հայտարարությունը տարածել է: Այստեղ ի՞նչն է հետաքրքիր: Տեսեք՝ իրենք ի սկզբանե խոսում էին կալանքի մասին, նույնիսկ նման միջնորդություն էին ներկայացրել: 

Ինչպես տեսնում եք՝ երբ կալանք չի կիրառվում, դրանից արդարադատությունը, իրավաբանությունը փուլ չի գալիս, պարզապես կարելի է մի փոքր կարևորել իրավունքի գերակայությունը և, առիթից օգտվելով, ազատություն մաղթենք բոլոր քաղբանտարկյալներին»,-հավելել է Արամ Վարդևանյանը:

Հիշեցնենք, որ հայտնել էինք՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «հավաքին մասնակցելուն հարկադրելը՝ բռնություն գործադրելու կամ սպառնալիքի միջոցով», և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի՝ «առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը», հատկանիշներով:

1/3513
bottom of page