Ինչպե՞ս է «Զվարթնոց» օդանավակայանից տեսագրությունները հայտնվում իշխանական քարոզչամեքենային ձեռքում. Մանուկյան
- 9 hours ago
- 1 min read

ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը պատգամավորական հարցում է հղել ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին՝ պարզելու, թե ինչպես է «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ վերահսկվող տարածքից՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հսկիչ-անցագրային կետի խցիկի տեսախցիկի տեսանկարահանումը հայտնվել Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի տելեգրամյան էջում։
Պատգամավորը նշել է, որ իր հարցադրումները թերևս հռետորական են, քանի որ հայաստանյան իրավապահ համակարգը վաղուց դարձել է Նիկոլի իշխանությանն ու կամակորություններին սպասարկող անօրինական գործունեություն իրականացնող հաստատություն։
Նա հավելել է, որ նման բովանդակությամբ հարցում առաջին անգամ չէ, որ ուղղում է Ազգային անվտանգության ծառայությանը, և Ազգային ժողովում բազմիցս բարձրաձայնել է այն դեպքերի մասին, երբ քաղաքական նպատակներով, հատուկ պահպանվող տարածքներից՝ ՀՀ Ազգային ժողովից ու «Զվարթնոց» օդանավակայանից տեսագրությունները հայտնվում են իշխանական քարոզչամեքենայի ձեռքում։
Գեղամ Մանուկյանը նաև հայտնել է, որ ստացել է բազմաթիվ ահազանգեր այն մասին, որ ընտրություններին նախորդած մի քանի օրերին ՀՀ սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության հաշվառումների հիման վրա մի քանի հազար հայրենակիցների Հայաստանի տարածքից ելքի վրա արգելք է դրվել, ինչն, ըստ նրա, օրենքի կոպտագույն խախտում է և լի է ծանր քրեական հետևանքներով, իսկ Նիկոլը փորձում է բոլորին դարձնել իր հանցագործությունների մեղսակից։




















