top of page

Դուք Սամվել Կարապետյանից էլ, Ծառուկյանից էլ, Քոչարյանից էլ թույլ եք. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանին

  • 1 day ago
  • 1 min read


Դուք Սամվել Կարապետյանից էլ, Գագիկ Ծառուկյանից էլ, Ռոբերտ Քոչարյանից էլ թույլ եք: Այս մասին Ազգային Ժողովում Կառավարության ծրագրի արդյունքների զեկույցի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Դուք այնքան թույլ եք, որ թե՜ բազմակի անգամ Սամվել Կարապետյանից եք թույլ, թե Գագիկ Ծառուկյանից, էլ չասեմ Ռոբերտ Քոչարյանից, էլ չասեմ բոլոր այն թեկնածուներից, որոնք ընդդիմության ճակատում պայքարում են ձեր դեմ: Ուզում եմ անդրադառնալ այն գնահատականներին ու վիրավորանքներին, որ Նիկոլ Փաշինյանը հասցնում է նախընտրական շրջանում քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։ Դուք ի՞նչ եք ցանկանում դրանով անել, հանրությանը ի՞նչ եք ուզում փոխանցեք, որ այս երկիրը պիտի շարժվի ատելության ու վիրավորանքների միջոցո՞վ:  

Եռագլուխ բառը երևի շփոթել եք՝ պետք է ասեք բազմագլուխ, որովհետև ձեզ հաջողվել է այս տարիների ընթացքում հասարակության ճնշող մեծամասնությանը դարձնել ընդդիմադիր, և եթե այդ ճնշող մեծամասնությանը դուք հայտարարում եք որպես պատերազմի կուսակցության անդամներ, ապա փոխեք այդ թիվը, շատացրեք: Պատերազմ բերողն էլ եք դուք, պատերազմ բերածն էլ եք դուք, աղետներ բերածն էլ եք դուք, կորուստներ բերածն էլ եք դուք, և շարունակաբար բերելու եք, եթե մնաք իշխանության:

Ամենացայտուն համեմատությունը կարող է բերվել այն, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է Արցախի ժողովրդին ամենաշատ ուշադրության ու ֆինանսական հատկացումներ իրականացրած Կառավարության մասին, բայց արդյունքը ի՞նչ է: Արդյունքը ցեղասպանված, տեղահանված մի ողջ ժողովուրդ է. հարցրեք արցախցիներին՝ երջանի՞կ են իրենք: Այն, որ անընդհատ հետևողականորեն վիրավորում եք և անպատվում եք մարդկանց արժանապատվությունը, գալիս է հաստատելու մեկ բան, որ դուք վարկաբեկել եք պետական իշխանությունը և այդ վարկաբեկումը ցավոք սրտի շարունակվում է»,- նշել է Մինասյանը:

1/3319
bottom of page