Պատերազմի եռագլուխ դեւը Փաշինյան-Ալիև-Էրդողան դևն է. Քրիստինե Վարդանյան
- 3 hours ago
- 2 min read

Մենք անընդհատ ասում ենք, որ Հայաստանում չկա պատերազմ կամ խաղաղություն բանավեճ, որովհետև երկրորդ կողմը՝ պատերազմի կողմը չկա։ Այս մասին ապրիլի 18-ին Վանաձորում կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Մենք ասում ենք, որ չկա պատերազմի կուսակցություն, բայց ես վերջերս հասկացա, որ սխալ ենք ասում: Հայաստանում իրականում կա պատերազմի կուսակցություն, դա իշխող կուսակցություն է։ Էդ պատերազմի կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությունն է։ Հայաստանում կա մի հատ կուսակցություն, ով ասում է, որ Հայաստանի տիրապետության տակ կան ադրբեջանական տարածքներ: Եթե պատերազմ է մեր վրա որևէ մեկը բերում, այ սենց հայտարարություններն են բերում: Նիկոլ Փաշինյանից բացի Հայաստանում պատերազմի առիթ տվող չկա, ու եթե կա եռագլուխ դև պատերազմի, այդ Նիկոլ Փաշինյան–Իլհամ Ալիև–Էրդողան եռագլուխ դևն է»,–ասաց նա։
Քրիստնե Վարդանյանը նկատեց, որ հունիսի 7–ին ժողովուրդը ընտրելու է բանակցող, ով պետք է գնա ու շատ ծանր դիրքերից վարի ծանրագույն բանակցություններ. «Մենք ընտրում ենք մարդու, ով պիտի ներկայացնի մեզ բոլորիս, ու մենք պարզ հարց պիտի տանք՝ ո՞վ կարող է դա անել։ Ովքեր ձեզ կհարցնեն՝ ի վերջո ում ընտրել, ինչու ընտրել, հարցրեք՝ ո՞վ եք ուզում, որ հունիսի 7–ից հետո ձեզ ներկայացնի Ալիևի առաջ, Էրդողանի առաջ, գերտերությունների ղեկավարների առաջ, և ուզենալուց բացի, ով կարող է դա անել, ով կարող է մեր անունից բանակցել այնպես, որ մենք, եթե իմանանք միջազգային հանդիպում կա, չամաչենք միայն այդ փաստից։
Մեր թիմի առանձնահատկությունը այն է, որ մենք ասում ենք՝ մենք կարող ենք դա անել, ու այն թեկնածուն, որին մենք առաջադրել ենք որպես վարչապետի թեկնածու, արել է դա մի անգամ»,–ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Անդրադառնալով իշխանությունների կողմից հնչող հայտարարություններին, որ ՔՊ–ն ունենալու է բացարձակ մեծամասնություն, Քրիստինե Վարդանյանը նկատեց. «Սա բացարձակ մեծամասնություն ունեցող ուժի վարքագիծ չէ, սա ինքնավստահ ուժի վարքագիծ չէ։ Ի վերջո ինքնավստահ ուժը իրեն այսպես չի պահում ու հայտարարություններ չի անում, սեփական ժողովրդին պատերազմով չի սպառնում։ Իրենք էլ շատ լավ գիտեն, որ մենակ ձեր ակտիվ մասնակցությունը, ընտրատեղամաս գնալը, իրենց օգտին չքվեարկելը իրավիճակ է փոխելու։ Ի վերջո, մենք մի պարզ հարցի պիտի հունիսի 7–ին բոլորս պատասխանենք՝ Հայաստանում լինելո՞ւ է Ալիևի սահմանադրություն, Ալիևը մեր անվտանգության երաշխավո՞րն է։ Մենք ասում ենք՝ ոչ։ Եկեք իրար հետ համազգային այդ ոչը ասենք, ընտրենք մեզ ղեկավար, որը պիտի ներկայացնի Հայաստանի Հանրապետությունը, ոչ թե Ադրբեջանի Հանրապետությունը կամ Թուրքիան»։




















