top of page

Ժամկետային զինծառայողը «Nissan»-ով բախվել է կայանված բեռնատարին. նրան տեղափոխել են հիվանդանոց

Apr 14, 2024
1 min read

Այսօր՝ ապրիլի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02:10-ի սահմաններում 33-ամյա Էրիկ Բաղդասարյանը իր վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 1-ին փողոցում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի հարևանությամբ, բախվել է «MAN» մակնիշի բեռնատարին, ապա առաջ ընթացել և բախվել բնակչի տան քարե պարսպին։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։



Բախման հետևանքով բեռնատարի բենզաբակից տեղի է ունեցել դիզվառելիքի արտահոսք։ 



Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը , ապա կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ ու իրականացրել են հերթապահություն, մինչև բեռնատարի բենզաբակից պարունակության պարպումը։



Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և օրվա պատասխանատու, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ։



Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։



Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով «Nissan»-ի վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները ու Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Եղվարդի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։



Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Nissan X-Trail»-ի վարորդը ժամկետային զինծառայող է, ով օրինական արձակուրդի մեջ է եղել։

1/3635
bottom of page