Օվերչուկ․ ռուսական ընկերություններին ՀՀ-ում սահմանափակելը կազդի ՌԴ-ում հայկական բիզնեսի վրա
- Apr 2
- 1 min read

Ռուսական ընկերությունների Հայաստանում ներկայության անցանկալիության մասին քննարկումները հարցեր կառաջացնեն Ռուսաստանում հայկական բիզնեսի գործունեության վերաբերյալ, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Իրականությունն այն է, որ հայկական երկաթուղին, եթե այն գոյատևի, կմնա որպես սեփական տնտեսության կարիքները սպասարկող երթուղի, որի իրական հեռանկարները կապված են ԵԱՏՄ-ի հետ։ Մեր շահագրգռվածությունն է ավելացնել առևտուրը Հայաստանի հետ, ինչպես նաև տարածաշրջանի բոլոր պետությունների հետ։ Սակայն, եթե մեզ ասեն, որ ռուսական ընկերությունների ներկայությունը Հայաստանում չի համապատասխանում Հայաստանի շահերին, ապա, փոխադարձության սկզբունքի հիման վրա, արդարացի է հարցնել. եթե ռուսական ընկերություններն ու ձեռնարկատերերը չեն կարող գործել և գումար վաստակել Հայաստանում, ապա ինչո՞ւ կարող են հայկական ընկերություններն ու հայ ձեռնարկատերերը գործել և գումար վաստակել Ռուսաստանում», - նշել է նա։
Օվերչուկն ընդգծել է, որ արտաքին տնտեսական հարաբերությունները «երկկողմանի փողոց» են։ «Առանց փոխադարձ առևտրի բեռնափոխադրում չկա, և հայկական երկաթուղու թողունակությունը նույնպես կախված է դրանից։ Ռուսաստանում հայկական բիզնեսները պետք է ուշադրություն դարձնեն դրան։ Ի վերջո, մենք կարծում ենք, որ հարցը դրվում է հենց այս համատեքստում, և դա պետք է բաց քննարկվի», - նշել է Ռուսաստանի փոխվարչապետը։




















