top of page

ՍԴ դատավորի հարազատի սպանողներին օգնողներ են եղել․ հայտնի է՝ ինչ են արել․ Արմլուր

  • Writer: Lilit
    Lilit
  • 24m
  • 2 min read
ree

Նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում երկու անձ հարձակվել էին ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր որդու՝ 24-ամյա Սարգիս Զեյնալյանի վրա և դանակի հարվածներ հասցրել նրան, ինչի հետևանքով նա մահացել էր։


Դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ՝ Աշոտ Կառլի Սոխրաբյանցի և Բենիամին Կառլի Սոխրաթյանցի՝ սպանության հատկանիշներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, և դատարանը կալանավորել է նրանց։


Armlur.am-ի փոխանցմամբ՝ պարզվել էր, որ 24-ամյա Սարգիսի և ենթադրյալ մարդասպանի՝ Աշոտ Սոխրաբյանցի միջև Գինու փառատոնի ընթացքում վեճ է եղել, որը չէր հարթվել և ճակատագրական հետևանք ունեցավ 24-ամյա երիտասարդի համար։ Սակայն բացի ենթադրյալ մարդասպաններից, գործով այլ հանգամանքներ են ի հայտ եկել, մասնավորապես՝


Գեննադի Ներսեսի Դանիելյանը տեղեկանալով, որ 2025 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 20 շենքի մոտ եղբայրներ Աշոտ Կառլի Սոխրաբյանցը և Բենիամին Կառլի Սոխրաթյանցը կատարել են Սարգիս Արմենի Զեյնալյանի սպանությունը, վերջիններիս քրեական պատասխանատվության ենթարկելուն խոչընդոտելու նպատակով, առանց նախնական խոստման աջակցել է նրանց՝ 2025 թվականի նոյեմբերի 10-ին իր ավտոմեքենայով Աբովյան քաղաքից տեղափոխելով Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաք, այդպիսով խոչընդոտներ ստեղծելով վերջիններին հայտնաբերելու համար։


Ասել է, թե ենթադրյալ մարդասպանին աջակցողին ևս մեղադրանք են առաջադրել։


Մեղադրանքի հիմնավորում․


Հանցագործության կամ հանցանք կատարած անձի բացահայտմանը, հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության կամ պատժի ենթարկելուն, պատժի կամ դրա չկրած մասի, անվտանգության կամ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցի իրականացմանը խոչընդոտելու նպատակով՝ հանցագործությունը կամ հանցանք կատարած անձին առանց նախնական խոստման պարտակելը կամ հանցանք կատարած անձին այլ կերպ աջակցելը պատժվում է՝


- տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ


- հանրային աշխատանքներով՝ 80–150 ժամ տևողությամբ, կամ


- որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ


- ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ


- կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս, կամ


- ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով։


Խափանման միջոց է ընտրված՝ բացակայելու արգելքը։

1/3059
bottom of page