Ինչու YouTube-ը չի դրամայնացվում Հայաստանում․ Փաշինյանի ու ԲՏԱ նախարարի անկատար խոստումները. Hetq.am
- Lilit

- 3 hours ago
- 1 min read

Վերջին չորս տարիների ընթացքում YouTube-ը բովանդակություն ստեղծողներին և մեդիա ընկերություններին վճարել է ավելի քան 100 միլիարդ դոլար։ Հարթակի դրամայնացման հնարավորությունը միլիոնավոր մարդկանց հոբբին վերածել է մասնագիտության։ Այս մասին գրում է Հետքը:
Այս գլոբալ ֆինանսական հոսքից, սակայն, Հայաստանը փաստացի դուրս է մնում։ Չնայած մեր երկրում յութուբյան ալիքներն ավելանում են, իսկ Կառավարությունը խոստանում է լուծել YouTube-ի դրամայնացման ակտիվացման հարցը, հայաստանյան բովանդակություն ստեղծողները առայժմ չեն կարող պաշտոնապես գումար աշխատել հարթակից։ Հայաստանը աշխարհի այն երկրներից է, որտեղ այս ծառայությունը հասանելի չէ։
Դրամայնացումը կամ մոնետիզացիան հասանելի է YouTube-ի գործընկերների ծրագրում (YouTube Partner Program) ընդգրկված երկրներում։ Պարզ ասած՝ YouTube-ը վճարում է դիտումների դիմաց։ Սա դրամայնացման գլխավոր տեսակն է։ Հայաստանից դուրս այս հարթակից օգտվելիս տեսած կլինեք, որ տեսանյութերն ընդմիջվում են գովազդներով, ինչն էլ բովանդակություն ստեղծողներին հնարավորություն է տալիս գումար աշխատել։ Մեզ մոտ նման բան չկա, Հայաստանից դիտումներն էլ արժեք չունեն։
Մեր հարևան երկրներից քարտեզի վրա մեզնից բացի մոխրագույնով է նշվում միայն Իրանը․ պատճառը Իրանի կառավարության կողմից հարթակի արգելափակումն ու ամերիկյան պատժամիջոցներն են։
YouTube պրոդյուսեր Տիգրան Ջորգնցյանը նշում է՝ մինչև 2018 թվականը Հայաստանում հնարավոր էր տեղի դիտումներով գումար աշխատել, հետո ընկերությունը այս հնարավորությունը սահմանափակեց այն երկրներում, որտեղ Google-ը ներկայացուցչություն չունի։
«Սա չի նշանակում, որ Հայաստանից գումար աշխատել YouTube-ով ընդհանրապես հնարավոր չէ։ Ես կարող եմ ալիքը գրանցել այլ երկրում, բայց Հայաստանից դիտումների համար գումար չեմ ստանա»,- բացատրում է Տիգրանը։
Նրա խոսքով՝ 2018-ին հայկական շուկան YouTube-ի համար փոքր էր, հիմնականում երաժշտական ու լրատվական ալիքներ էին, բովանդակություն ստեղծողների թիվը փոքր էր։
«2020-ին՝ COVID-19 համավարակի ժամանակ, մարդիկ տանը ուզած-չուզած վիդեո բովանդակություն էին սպառում, ու էդ ժամանակ հայկական YouTube-ը բազմաբովանդակ դարձավ։ Ինչ-որ պահից Google-ը պիտի գա Հայաստան իր բոլոր ծառայություններով, բայց մենք ոչ մի քայլ չենք ձեռնարկում, մենակ խոսում ենք դրա մասին»,- ասում է YouTube պրոդյուսերը։




















