top of page

Ինչում է ադրբեջանցի դատախազը մեղադրում Ռուբեն Վարդանյանին. մանրամասներ

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 2 min read

ree

Բաքվի զինվորական դատարանում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու քրեական գործերով հերթական դատական նիստում Ադրբեջանի գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը հայտարարել է, որ գրեթե մեկ տարվա ընթացքում անցկացվել են բազմաթիվ դատական նիստեր, ուսումնասիրվել են փաստաթղթեր և ապացույցներ, հարցաքննվել են տուժողներ և վկաներ։


Մեղադրող կողմի պնդմամբ՝ դատավարության ընթացքում ներկայացված նյութերը, իբր, հաստատում են Վարդանյանի մեղքը բազմաթիվ հանցագործությունների մեջ։ Ալիևը նշել է, որ դատարանին կներկայացվեն տեղեկություններ Վարդանյանի՝ «Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում ստեղծված հանցավոր կազմակերպությանը միանալուց առաջ և հետո կատարած գործողությունների մասին»։


Ադրբեջանցի մեղադրողը հայտարարել է, թե Վարդանյանը, միանալով այդ կազմակերպությանը, գիտակցել է իր գործողությունների «հասարակական վտանգավորությունը» և շարունակել է մասնակցել, ըստ մեղադրանքի, Ադրբեջանի և ադրբեջանական ժողովրդի դեմ ուղղված հանցագործություններին։


Ալիևը խոսել է նաև Ռուբեն Վարդանյանի կապերի մասին Վովա Վարդանովի հետ, որը նրա բնորոշմամբ հանդիսանում է «VoMa ահաբեկչական կազմակերպության հիմնադիր»։ Մեղադրող կողմը պնդում է, որ Վարդանյանը և Վարդանովը կապ են պահպանել WhatsApp հավելվածի միջոցով՝ քննարկելով զինյալների պատրաստման, վարժանքների կազմակերպման և Ադրբեջանի զինված ուժերի դեմ գործողությունների հարցեր։


Ըստ մեղադրանքի՝ Վարդանյանը ստանձնել է այդ կազմակերպության և դրա անդամների ֆինանսավորման պատասխանատվությունը։ Նրան առաջադրված մեղադրանքներից մեկը վերաբերում է նաև Ադրբեջանի պետական սահմանի անօրինական հատմանը։ Նշվում է, որ 2022 թվականի սեպտեմբերին Ստեփանակերտ ժամանելուց հետո նա մի քանի անգամ լքել է երկիրը և ապա «անօրինական վերադարձել Ադրբեջան»։


Մեղադրող կողմը պնդել է նաև, թե Վարդանյանի ֆինանսավորմամբ իրականացվել են ականապատման աշխատանքներ, Ստեփանակերտի մոտ ստեղծվել են ռազմական պահեստներ, պահվել են մեծ քանակությամբ զենք, զինամթերք և անօդաչու թռչող սարքեր։


Դատարանում հնչեցվել է նաև մեղադրանք, ըստ որի Վարդանյանը, իբր, նախաձեռնել է «Նեմեսիս 2» կոչվող ահաբեկչական գործողությունը և 2023 թվականի սեպտեմբերին զբաղվել է Մեծ Բրիտանիայում արտադրված Malloy տիպի անօդաչու թռչող սարքերի ձեռքբերմամբ։


Մեղադրող կողմը դատարանին առաջարկել է Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման՝ պատժի հաշվարկը սկսելով նրա ձերբակալման օրվանից՝ 2023 թվականի սեպտեմբերի 27-ից։ Նշվել է, որ խափանման միջոցը չի կարող փոխվել մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 26-ին։

1/3052
bottom of page