Վայոց ձորի թեմի առաջնորդը չի կարողացել «շատ ճոխ ջիպ» գնել. հիմա Jaguar է վարում
- Lilit

- 23 minutes ago
- 1 min read

Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Սրբազանը նոյեմբերի 25-ին Մայր Աթոռի մոտ լրագրողների հետ զրույցում, ըստ էության, չպատասխանեց հարցին՝ հարո՞ւստ է, թե՞ ոչ։ Լրագրողները նրան հարցրին, թե իրեն համարում են եպիսկոպոսաց դասի ամենահարուստը, որտեղից է կուտակել իր հարստությունը, ինչպես նաև արդյոք ունի ՀԷԿ կամ Նորավանքի մոտ գտնվող ռեստորան։ Սրբազանը պատասխանեց, որ այդ հարցի պատասխանը բազմիցս հնչեցվել է։
Նրա խոսքով՝ ՀԷԿ-ի հետ կապված նախագիծը ծրագրային ու նպատակային է եղել, և դրա եկամուտներն օգտագործվել են նախատեսված ուղղությամբ։ Նա հավելել է, որ այն սեփականություն չէ, այլ հիմնադրամ, և իր հետ կապ ունի միայն այնքանով, որքանով նպաստում է մարզում իրականացվող ծրագրերին։ Նա հիշեցրել է, որ նախկինում հոսանքի պակասի պայմաններում կառավարությունը և ժողովուրդը ցանկանում էին նման կառույցներ ունենալ։
Սրբազանի խոսքով՝ եպիսկոպոսը նման աշխատանքներով չի զբաղվում, այլ որպես թեմի առաջնորդ կազմակերպում է ժողովներ, քննարկումներ, հանդիպում դոնորների ու կազմակերպությունների հետ՝ փորձելով լուծումներ գտնել թեմի խնդիրների համար։
Ճշտող հարցին՝ հարո՞ւստ է, թե ոչ, նա պատասխանել է. «Ես հարուստ եմ հոգեպես, շատ հարուստ եմ»։ Սրբազանը չի հերքել, որ վարում է Jaguar, սակայն նշել է, որ այն ժամանակավոր է և իրենը չէ։
Լրագրողների հարցին, թե փաստո՞րեն այցելել է սալոն և ցանկացել գնել Jeep Grand Cherokee, բայց այն «շատ ճոխ է թվացել» և դրա փոխարեն գնել է ավելի էժան մեքենա, Սրբազանը արձագանքել է. «Այո՛, չէի կարող առնել, առա հինգ տարվա հնության ջիպ»։




















