«Շոկի մեջ եմ. սանտեխնիկի են բերման ենթարկել. 3 օր ապօրինի պահել». Գեղամ Մանուկյան
- Lilit

- Jul 13
- 2 min read

Իմ որդին ոչինչ, ինքը վարժ է ձերբակալություններին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 13–ին, Ձերբակալման պահման վայրի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որի որդին՝ Տարոն Մանուկյանը 3 այլ դաշնակցական երիտասարդների հետ ազատ արձակվեց։
«Շոկի մեջ եմ ուղղակի, առաջին օրը, որ մտան խուզարկության, մի անուն կար, որ որևէ մեկս չէր ճանաչում, այս երեք օրը գլուխ են կոտրում, թե ով է, քանի որ ծառայամիտ քննիչները առաջին իսկ պահից արգելեցին տեսակցությունները, նաև պատգամավորական այցերը, ընդհանրապես շփում չունեինք։ Մտածում էինք, ենթադրում էինք, որ սքայթբոլի խանութի տերը կարող է լինել, հարազատները եկան, ասում են՝ չէ, ի՞նչ խանութ, ի՞նչ բան, սանտեխնիկ է։ Դուրս է եկել, որևէ մեկին չի ճանաչում, ասում ենք՝ ինչի՞ համար։ Ասում է՝ ասում էին, ոնց որ կապ ունեմ, բայց ես որևէ մեկին չեմ ճանաչում։
Մարդուն երեք օր ազատությունից զրկել են, պաշտպանության իրավունքից զրկել են, մարդուն տնից բռնել, բերել են, երեք օր պահել են ահաբեկչության կազմակերպման կասկածանքով։ Շան պես իրենք իրանցից են վախենում»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ ՀՅԴ–ական երիտասարդներին ձերբակալել են Փաշինյան–Ալիև հանդիպման օրը, պատգամավորն ասաց. «Ալիևը պարբերաբար է խոսում Հայաստանում ռեվանշիզմը արմատախիլ անելու մասին, և ավանդաբար թշնամի երկրներում կա քարոզչական մտապատկերը, որ ռեվանշիզմը, բնականաբար դաշնակցականներն են։ Ի՞նչ պետք է անի Նիկոլը Ալիևի հետ հանդիպումից առաջ, ցույց տա, որ ես արմատախիլ եմ անում ռեվանշիզմը։ Դրա համար նրան ենթակա, ծառա քննչական, ոստիկանական համակարգը, քննչականի պետ Պողոսյանի գլխավորությամբ պետք է հարձակվեն դաշնակցականների վրա, ինչը և արվեց։ Ստեղծվեց քարոզչական ֆոն։
Իրեղեն ապացույց է ներկայացվել «մահ կամ ազատություն» գրությամբ շապիկը, սա արդեն խելագարության է հասնում։ Դատի ժամանակ փաստաբան Ռուբեն Մելիքյանը Դաշնակցության պետական գրանցում ստացած կանոնագիրն է մտցրել, որովհետև քննիչը ասել է՝ ես տեղյակ չէի, որ «մահ կամ ազատությունը» դաշնակցության կարգախոսն է»։
Ավելի վաղ հայտնեցին, որ հուլիսի 10–ի վաղ առավոտից ուժային կառույցները ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ անդամների բնակարաններում, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տներում։
Ձերբակալվել է յոթ անձ, այդ թվում՝ Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։
Նրանք մեղադրվում են ահաբեկչության նախապատրաստման մեջ։ Պաշտպանները պնդում են, որ հայտնաբերված իրերը Strikeball խաղի ատրիբուտներ են։ ՀՅԴ-ականները համարում են, որ այս գործընթացները ուղղված են ՀՅԴ-ի՝ որպես քաղաքական ուժի դեմ:




















