Sepah Pasdaran. Ջուլանիի այցն Ադրբեջան անհնար է վերլուծել Սյունիքում հնարավոր իրադարձություններից անջատ
- Lilit

- Jul 12
- 1 min read

Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ աշ-Շարաայի (ալ-Ջուլանի) անսպասելի այցը Բաքու կարող է ունենալ բազմաթիվ թաքնված ասպեկտներ, որոնց մեծ մասը կրում է ռազմական և ռազմավարական բնույթ, գրում է Sepah Pasdaran տելեգրամյան ալիքը։
«Թրամփի վարչակազմի հետ պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո Ջուլանին պարտավորվել է Սիրիայից վտարել օտարերկրյա զինյալներից բաղկացած թաքֆիրիստական խմբավորումներին։ Թեև մի մասը, օրինակ՝ Թուրքեստանի իսլամական կուսակցությունը (ույղուրները), ինտեգրվել է սիրիական բանակին, որոշ կովկասյան արմատական խմբավորումներ մինչ օրս մնում են վտարման ցուցակում։ Սակայն նրանց ծագման պետությունները հրաժարվում են նրանց հետ ընդունել, իսկ ինքը՝ Ջուլանին, խուսափում է նրանց հետ ուղիղ հակամարտությունից»,- նշում է ռեսուրսը։
Տելեգրամյան ալիքն ընդգծում է, որ մինչև վերջերս այդ խմբավորումների զինյալները կենտրոնացած էին սիրիա-իրաքյան սահմանի շրջանում։ Այժմ նշաններ կան, որ այդ ուժերի մի մասը կարող է ուղղվել դեպի իրանական սահման։
«Այս համատեքստում տագնապ է առաջացնում Աստարայի շրջանի 40 գյուղերից բնակչության վտարման և այնտեղ ծայրահեղական տարրերի տեղակայման մասին տեղեկատվությունը։ Այսպիսով, անհնար է վերլուծել Ջուլանիի այցն Ադրբեջան՝ անջատ Իրանի և Իսրայելի միջև ապագա հակամարտության հեռանկարից կամ Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզում հնարավոր իրադարձություններից։
Առանձնահատուկ կարևորություն է ստանում այս այցի ռազմավարական ուղղվածությունը՝ Իրանի հյուսիս-արևմուտքում ռազմական ենթակառուցվածքների վրա Իսրայելի վերջին հարվածների պայմաններում։ Նման սցենարի իրականացման ռիսկն աճում է։
Բացի այդ, գոյություն ունեն երկու լրացուցիչ ապակայունացնող գործոններ։ Առաջինը Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) հնարավոր պաշտոնական լուծարումն է և նրա ռազմական ներուժի վերաբաշխումը հօգուտ ՊԵԺԱԿ-ի՝ Իրանի արևմտյան սահմաններն ապակայունացնելու համար։ Երկրորդը՝ թաքֆիրիստական զինյալների տեղաշարժն է Սիրիայի արևելքից դեպի իրանական սահման՝ ճգնաժամի պայմաններում դիվերսիաներ և կարևոր սահմանամերձ օբյեկտների վրա հարձակումներ իրականացնելու նպատակով։
Արդյունքում, ավելի ու ավելի հավանական է դառնում այն սցենարը, որի դեպքում օդային հարվածները կհամակցվեն ցամաքային զինյալների գործողությունների հետ՝ մի քանի ճակատներից Իրանի վրա ճնշում ստեղծելու նպատակով»,- գրում է Sepah Pasdaran-ը։




















