top of page

Որո՞նք են «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրինագծի մտահոգիչ կետերը. «Գիտուժ»

  • Sep 29, 2024
  • 2 min read

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենք. Գիտուժի եւ գիտական համայնքի արձագանքը» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց օրինագծի մտահոգիչ դրույթները։

Ըստ Արսեն Առաքելյանի՝

  • Նախ, նշված է, որ Ակադեմիայի համակարգի ինստիտուտները մեծամասամբ միավորվելու են բուհերի հետ, եւ ինստիտուտն ունենալու է հոգաբարձուների խորհուրդ։ Համամասնաբար բուհն այդ խորհրդում ունենալու է 10 անդամ, իսկ ինստիտուտը լավագույն դեպքում մեկ ներկայացուցիչ։

  • Երկրորդ՝ հոգաբարձուների խորհրդի անդամների վերաբերյալ հստակ նշված է, որ մարդիկ իրավունք չունեն զբաղեցնել քաղաքական պաշտոններ։

  • Եթե հիմա գիտական ինստիտուտները ներկայացնում են երկու հաշվետվություն՝ մեկը Ակադեմիա, մյուսը՝ բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե, ապա հիմա այդ հաշվետվությունների քանակը աճելու է, ու թղթաբանությունը անսահման քանակով մեծանալու է։

  • Հաջորդ կետը՝ օրենքով սահմանված չէ, թե ինչ է նշանակում գիտական կազմակերպությա ինքնուրույնությունն այն պարագայում, երբ ինստիտուտի եւ համալսարանի հոգաբարձուների խորհուրդը նույնն է, այն պարագայում, որ նշված է, որ համալսարանը կարող է ֆինանսավորել ինստիտուտի գիտական հետազոտությունները, բայց իր հայեցողությամբ։ Այսինքն, ոչ մի երաշխիք չի տրվում, եւ հակառակը, ինստիտուտը պետք է վճարի համալսարանին վերադիր ծախսեր, որոնք ֆիքսված են համալսարանի կողմից։

Արսեն Առաքելյանը նշեց, որ սրանք թվացյալ մանր խնդիրներ են, որոնք հիմա չեն երեւում, բայց օրենքի աշխատանքի ժամանակ կբերեն բազմաթիվ խնդիրների։  Ինստիտուտի տնօրենը նշեց, որ Ակադեմիայում միավորված գիտական համայնքը ակնկալում է ԳԱԱ Նախագահությունից բավականաչափ ակտիվ եւ ինտենսիվ ներգրավվածություն այս պրոցեսներին։

Ինչպես հավելեց Robomart-ի համահիմնադիր, գլխավոր տեխնոլոգիական տնօրեն, «Գիտուժի» անդամ Տիգրան Շահվերդյանը, մտահոգիչ է նաեւ այն, որ լիազոր մարմինը լինելու է գիտական հետազոտությունների ողջ քաղաքականության մշակողը։ «Սա լուրջ մտահոգիչ փաստ է, քանի որ նախարարությունը, ինչքանով էլ կարող է գիտաչափական մեթոդներով որակ ապահովելուց բացի ինչ–որ կիրառական խնդիրների լուծման մեջ մասնակցել, եթե ինքը կարողանա ստանալ այդ խնդիրների ձեւակերպումները, բայց ինքն իրականում չունի այդ լծակները, որպեսզի կարողանա ամբողջ քաղաքականությունը մշակել։ Քանի որ խնդիրները պետք է հավաքագրվեն այլ գերատեսչություններից, կամ նույնիսկ ընդհանուր կառավարությունից, բայց իրենք չունեն իրական լծակ։ Էլ չասած, որ նախարարության մեջ գնտնվող կոմիտեն բավական ցածր մակարդակ ունի պետական համակարգում, ամբողջ գիտական խնդիրները վերհանելու եւ ամբողջ գիտական քաղաքականությունը մշակելու համար։ Այդ քաղաքականության մշակումը պետք է լինի առնվազն միջգերատեսչական, մի քանի գերատեսչությունների հետ միասին, իսկ ավելի ճիշտ կլինի, որ դա լինի ամբողջ կառավարության աշխատանքի արդյունքը», – ասաց նա։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարությունը սեպտեմբերի 16–ին հանրային քննարկման է ներկայացրել «Բարձրագույն  կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը: Ի-դրաֆտում նախագիծը հանրային քննարկման է դրված մինչեւ հոկտեմբերի 1-ը։

1/3235
bottom of page