«Չիպային դիվանագիտություն»․ ինչ է ԱՄՆ-ն առաջարկել Հայաստանին Ադրբեջանի հետ համաձայնության դիմաց

ԱՄՆ-ն Հայաստանին առաջարկել է հասանելիություն Nvidia-ի առաջատար արհեստական բանականության չիպերին, ինչի դիմաց պետք է Ադրբեջանի հետ խաղաղության շուրջ համաձայնության հասնել։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին (WSJ) և բանակցություններին մասնակցած աղբյուրներին։
WSJ-ն այս մոտեցումն անվանում է «չիպային դիվանագիտություն»՝ նշելով, որ սա նորագույն տեխնոլոգիաներին հասանելիություն ունենալու համար, արտաքին քաղաքական նպատակներով օգտագործելու առաջին հայտնի օրինակներից մեկն է։
Պարբերականի տվյալներով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև բանակցությունները մի փուլում հայտնվել էին ձախողման վտանգի տակ։ Ամերիկյան կողմը եկել էր այն եզրակացության, որ Հայաստանի հետ ավելի սերտ տնտեսական կապերի հաստատումը կարող է նպաստել համաձայնության ձեռքբերմանը։
Այդ առաջարկների թվում, ըստ WSJ-ի, եղել է Հայաստանին Nvidia-ի առաջատար չիպերի վաճառքի թույլտվություն տրամադրելը։
ԱՄՆ նախկին դեսպան Քրիստինա Քվինը հայտնել է, որ ամերիկացի դիվանագետները 2025 թվականի ամռանը ԱՄՆ Առևտրի նախարարությունից փորձում էին թույլտվություն ստանալ Հայաստանին Nvidia-ի ամենաառաջատար չիպերը մատակարարելու համար։
«Nvidia-ի բաղադրիչը գլուխկոտրուկի շատ կարևոր մասն էր»,- ասել է Քվինը։
Ամերիկացի սենատոր Սթիվ Դեյնսն էլ Հայաստանին այդ չիպերի հասանելիության ապահովումը Նիկոլ Փաշինյանի համար «կարևոր քաղաքական հաղթանակ» է անվանել։
WSJ-ն այս գործընթացը կապում է նաև Հայաստանում իրականացվող Firebird խոշոր տեխնոլոգիական նախագծի հետ։
Պարբերականի փոխանցմամբ՝ Հրազդանում նախատեսված տվյալների կենտրոնի նախագիծն արժե ավելի քան 5 միլիարդ դոլար և նախատեսում է մինչև հաջորդ տարվա վերջ տեղակայել Nvidia-ի նորագույն արհեստական բանականության շուրջ 70 հազար սերվեր։
WSJ-ն գրում է, որ Firebird-ի դերի մասին հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում մինչ այժմ հրապարակայնորեն քիչ է խոսվել։
Պարբերականի տվյալներով՝ դեռ 2025 թվականի հունիսին ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի թիմը պատրաստել էր հուշագիր, որով նախատեսվում էր Firebird նախագծի համար չիպերի արտահանման լիցենզիաների տրամադրումը ներառել խաղաղության շուրջ պայմանավորվածությունների փաթեթում։
ԱՄՆ-ն միաժամանակ առաջարկել էր Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի հետ կապող երթուղու նախագիծը, որը հետագայում ստացել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»՝ TRIPP անվանումը։
Վենսը հայտարարել էր Nvidia-ի չիպերի վաճառքի լիցենզիաների մասին
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Վաշինգտոնը հպարտ է բարձր արտադրողականությամբ Nvidia չիպերի վաճառքի համար լիցենզիաներ տրամադրելու փաստով։
Նա դա ներկայացրել էր որպես նոր շուկաների ստեղծում ամերիկյան բիզնեսի համար և Հայաստանի համար տնտեսական հնարավորությունների ընդլայնում։
Nvidia-ի հայազգի բարձրաստիճան ղեկավար Ռև Լեբարեդյանն էլ նշել է, որ «չիպային դիվանագիտությունը» հայտնվել է ԱՄՆ վարչակազմի ուշադրության կենտրոնում, իսկ Հայաստանում տեխնոլոգիական ներդրումները կարող են նպաստել խաղաղության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը։
Firebird-ի համահիմնադիր Ռազմիկ Հովակիմյանն իր հերթին նշել է, որ միջազգային հաճախորդներ ներգրավելու համար անհրաժեշտ են խաղաղ և անվտանգ պայմաններ։
Ի՞նչ տեղի ունեցավ 2025 թվականի օգոստոսի 8-ին
2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Հանդիպման արդյունքում ստորագրվեց եռակողմ հռչակագիր։ Կողմերը նաև պայմանավորվածություններ ձեռք բերեցին Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող հաղորդակցության վերաբերյալ, որը ստացավ TRIPP անվանումը։
WSJ-ի հրապարակման համաձայն՝ Հայաստանին ամերիկյան առաջատար տեխնոլոգիաների, այդ թվում՝ Nvidia-ի չիպերի հասանելիություն առաջարկելը եղել է Վաշինգտոնի կիրառած տնտեսական խթաններից մեկը՝ Երևանին և Բաքվին համաձայնության հասցնելու գործընթացում։
Այսպիսով, ըստ պարբերականի, ԱՄՆ-ն հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում կիրառել է ոչ միայն քաղաքական և դիվանագիտական գործիքներ, այլև տեխնոլոգիական ու տնտեսական առաջարկներ՝ այն, ինչ WSJ-ն բնորոշում է որպես «չիպային դիվանագիտություն»։




















