top of page

Bloomberg. Թրամփի վարչակազմը «Խաղաղության խորհրդի» անդամ երկրներից առնվազն 1 մլրդ դոլար է պահանջում

  • Writer: Lilit
    Lilit
  • 17 hours ago
  • 2 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պահանջում է առնվազն 1 միլիարդ դոլար այն երկրներից, որոնք ցանկանում են մշտական տեղ ստանալ իր նոր «Խաղաղության խորհրդում» (Council of Peace)։

Ըստ Bloomberg գործակալության տրամադրության տակ հայտնված կանոնադրության նախագծի՝ Դոնալդ Թրամփը կլինի կառույցի առաջին նախագահը և ինքը կորոշի, թե ում հրավիրել անդամակցության։

Որոշումները կընդունվեն ձայների մեծամասնությամբ՝ յուրաքանչյուր անդամ պետությանը տալով մեկ ձայն, սակայն բոլոր որոշումները պետք է արժանանան նախագահի հավանությանը։ Յուրաքանչյուր անդամ պետություն նշանակվում է առավելագույնը երեք տարի ժամկետով, որը նախագահը կարող է երկարաձգել։

«Անդամակցության եռամյա ժամկետը չի տարածվում այն պետությունների վրա, որոնք Խարտիայի ուժի մեջ մտնելուց հետո առաջին տարվա ընթացքում Խաղաղության խորհրդին կվճարեն ավելի քան 1 000 000 000 դոլար կանխիկ գումար»,- նշված է նախագծում։

Քննադատները մտահոգված են, որ Թրամփը փորձում է ստեղծել Միավորված ազգերի կազմակերպության այլընտրանքը կամ մրցակիցը, որին նա վաղուց է քննադատում։ Կանոնադրության մեջ խորհուրդը նկարագրված է որպես «միջազգային կազմակերպություն, որը ձգտում է նպաստել կայունությանը, հուսալի և օրինական կառավարման վերականգնմանը և տևական խաղաղության ապահովմանը հակամարտություններից տուժած կամ դրանց սպառնալիքի տակ գտնվող տարածքներում»։

Կառույցը պաշտոնական կդառնա այն բանից հետո, երբ առնվազն երեք անդամ պետություն համաձայնի կանոնադրությանը։

Ըստ փաստաթղթի, Թրամփը պատասխանատու կլինի նաև խմբի պաշտոնական կնիքի հաստատման համար։

Թրամփը մի շարք համաշխարհային առաջնորդների, այդ թվում՝ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին, Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին հրավիրել է անդամակցել Գազայի հարցով խաղաղության խորհրդին, որը կձևավորվի նրա նոր «Խաղաղության խորհրդի» հովանու ներքո։

Այս ծրագիրը խիստ քննադատության է արժանացել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից, որը հայտարարել է, թե մանրամասները չեն համաձայնեցվել իր երկրի հետ։

Ըստ տեղյակ աղբյուրների, խաղաղության խորհրդին միանալու հրավեր են ստացել նաև մի քանի եվրոպական երկրներ։ Նախագիծը, ըստ ամենայնի, ենթադրում է, որ Թրամփն ինքն է վերահսկելու գումարները, ինչն անընդունելի կլինի պոտենցիալ անդամների մեծ մասի համար։ Աղբյուրները հավելել են, որ մի քանի երկրներ վճռականորեն դեմ են Թրամփի կանոնադրության նախագծին և աշխատում են այդ առաջարկներին հավաքական հակազդեցություն ցույց տալու ուղղությամբ։

1/3116
bottom of page