ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել 1,2 տրլն դոլարի բյուջեին՝ կանխելով շաթդաունը
- Lilit

- Mar 23, 2024
- 1 min read

ԱՄՆ Կոնգրեսը շաբաթ օրը կանխել է կառավարության աշխատանքի դադարեցումը (շաթդաուն)՝ ընդունելով ծախսերի վերաբերյալ մասշտաբային փաթեթ՝ կեսգիշերային ժամկետի ավարտից ընդամենը մի քանի ժամ առաջ։ Փաթեթը լիովին ֆինանսավորում է կառավարությանը մինչեւ սեպտեմբեր եւ ավարտում բազմամսյա պայքարը ծախսերի համար, որը շարունակվում էր ֆինանսական տարվա վեց ամսվա ընթացքում, տեղեկացրել է CBS News-ը։
Սենատը հավանություն է տվել 1,2 տրլն դոլարի փաթեթին։ Մի քանի ժամ առաջ այն ընդունել էր Ներկայացուցիչների պալատը։
Սենատի մեծամասնության ղեկավար Չաք Շումերը հայտարարել էր, որ վերին պալատը վերջապես հասել է համաձայնության, որը թույլ կտա արագացնել օրինագծի ընդունումը։ Հանրապետականները պահանջել են քվեարկել լրացումները գործընթացի արագացման փոխարեն։ Սենատն առանց համաձայնության կկարողանար քվեարկել միայն կիրակի։
Սպասվում է, որ վերջնաժամկետի բացթողումը որեւէ ազդեցություն չի գործի կառավարության աշխատանքի վրա։ Սպիտակ տունը հայտնել է, որ հաստատությունները չեն փակվի եւ կկարողանան շարունակել իրենց աշխատանքը սովորական հունով, քանի որ պարզ է, որ որոշման ընդունումը անխուսափելի է եւ որ նախագահ Բայդենը կստորագրի օրինագիծը շաբաթ օրն ավելի ուշ։
Փաթեթը միավորում է ծախսերի մասին վեց օրինագիծը մեկում, որպեսզի ապահովի կառավարության մոտ երեք քառորդի ֆինանսավորումը մինչեւ ֆինանսական տարվա վերջ։ Օրինագծում ներառված են միջոցները պետդեպարտամենտի, ներքին անվտանգության նախարարության, պաշտպանության նախարարության, աշխատանքի եւ առողջապահության ու սոցիալական ծառայությունների նախարարությունների համար, ինչպես նաեւ միջոցներն օտարերկրյա գործառնությունների, ֆինանսական ծառայությունների եւ օրենսդիր իշխանության համար։ Մյուս փաթեթը, որը ֆինանսավորելու է մնացած իշխանական մարմիններին, Կոնգրեսն ընդունել էր երկու շաբաթ առաջ։
Դրա ընդունումը թույլ կտա Կոնգրեսին ուշադրությունը տեղափոխել այլ առաջնահերթությունների վրա, ներառյալ հաջորդ տարված ծախսերի մասին օրինագծերը, որոնք պետք է ստորագրվեն մինչեւ հոկտեմբեր, եւ օտարերկրյա օգնությունն ԱՄՆ դաշնակիցներին, որն արդեն մի քանի ամիս առկախ վիճակում է։




















