Ինչ իրավունքներ չունի պարեկը․ կարևոր տեղեկություն վարորդների համար

Ոստիկանությունն իրավունք ունի կանգնեցնել տրանսպորտային միջոցը և ստուգել վարորդի փաստաթղթերը օրենքով սահմանված դեպքերում, օրինակ՝ երբ խախտվել են ճանապարհային երթևեկության կանոնները։ Սակայն մեքենան զննելու, վարորդից մեքենայից իջնել պահանջելու և քաղաքացու կողմից տեսանկարահանումը սահմանափակելու համար սահմանված են առանձին պայմաններ։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կանոնները սահմանված են «Ոստիկանության մասին» օրենքի 5-րդ, 12-րդ, 24-րդ և 43-րդ հոդվածներով և ոստիկանության պետի 2020 թ.-ի սեպտեմբերի 23-ի N 36-Լ հրամանով հաստատված՝ Ոստիկանության պարեկային ծառայության կանոնագրքով։
Ե՞րբ կարող են կանգնեցնել մեքենան
Ոստիկանությունն իրավունք ունի կանգնեցնել տրանսպորտային միջոցները և ստուգել ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող և փոխադրվող բեռի փաստաթղթերը՝
ճանապարհային երթևեկության անվտանգությանը սպառնալու կամ երթևեկության կանոնները խախտվելու դեպքերում,
տրանսպորտային միջոցների հետախուզման դեպքում,
երբ կան տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ, որ տրանսպորտային միջոցով տեղափոխվում են ապօրինի բեռներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ կամ հետախուզվող անձինք։
Այս լիազորությունից ոստիկանությունն օգտվում է նաև հատուկ միջոցառումներ իրականացնելիս։
Ինչպե՞ս պետք է ներկայանա պարեկը
Քաղաքացուն դիմելիս պարեկային ծառայողը պարտավոր է պատվի առնել և ներկայանալ՝ հայտնելով իր պաշտոնը, կոչումը, ազգանունը և ստորաբաժանումը, իսկ ձեր խնդրանքով՝ նաև իր անհատական կրծքանշանի հերթական համարը։ Եթե մեքենան կանգնեցվել է վարչական իրավախախտման կապակցությամբ, ծառայողը հայտնում է, թե ինչ իրավախախտում է կատարվել և ինչպես է այն դրսևորվել, և մատնանշում է համապատասխան իրավական նորմը։ Ցանկացած դեպքում, երբ սահմանափակվում են ձեր իրավունքները, ոստիկանության ծառայողը պարտավոր է անմիջապես ներկայացնել սահմանափակման հիմքերն ու պատճառները։
Կարո՞ղ է զննել մեքենան
Ոստիկանությունն իրավունք ունի վարորդի կամ քաղաքացիների ներկայությամբ զննել տրանսպորտային միջոցը և փոխադրվող բեռը, եթե կան տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ, որ տեղափոխվում են քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, հանցագործության գործիքներ կամ հանցագործության հետքեր կրող առարկաներ։ Զննության այլ հիմքեր նախատեսված են օրենքի այլ դրույթներով, օրինակ՝ ապօրինի զենք կամ ռազմամթերք տեղափոխելու մասին ստույգ տվյալների առկայության դեպքում, ինչպես նաև հատուկ միջոցառումների ժամանակ։
Ե՞րբ կարող են պահանջել իջնել մեքենայից
Կանոնագրքի համաձայն՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու դեպքում վարորդին մեքենայից իջնելու ցուցում կարող է տրվել միայն հետևյալ բացառիկ դեպքերում՝
տրանսպորտային միջոցի անսարքությունը կամ կատարված իրավախախտումը տեղում վերացնելիս, ինչպես նաև բեռի փոխադրման կանոնները խախտելիս,
վարորդի մոտ ալկոհոլի, հոգեմետ կամ այլ նյութերի ազդեցության տակ գտնվելու առերևույթ հատկանիշներ նկատելիս,
երբ փաստաթղթերի կազմմանն անհրաժեշտ է վարորդի պարտադիր մասնակցությունը կամ անհրաժեշտ է օգնություն ցուցաբերել երթևեկության մյուս մասնակիցներին,
երբ տեղեկություններ կան, որ վարորդը կամ ուղևորները մասնակցել են ճանապարհատրանսպորտային պատահարի, մեքենան գողացել են կամ կատարել են ենթադրյալ այլ հանցագործություն կամ մասնակցել դրան,
երբ վարորդի՝ ղեկին գտնվելը խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները կամ որևէ կերպ սպառնում է նրա կյանքին կամ առողջությանը։
Կարո՞ղ եք տեսանկարահանել պարեկին
Պարեկային ծառայողն իրավունք չունի պահանջել քաղաքացիներից դադարեցնել տեսաձայնագրումը, լուսանկարահանումը կամ ուղիղ հեռարձակումը։ Բացառություն կարող է արվել, եթե դա ողջամտորեն խախտում է այլ անձանց իրավունքները, խոչընդոտում է ծառայողական պարտականությունների կատարմանը կամ վտանգում է նկարահանողի կամ այլ անձանց կյանքը կամ առողջությունը։ Այդ դեպքերում պարեկը կարող է պահանջել նկարահանել ավելի մեծ հեռավորությունից կամ այլ պայմաններում։
Իսկ եթե համաձայն չեք պարեկի պահանջի հետ
Ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով։ Ընդ որում, ոստիկանության վարչական ակտերը, օրինակ՝ տուգանք նշանակելու որոշումը, դատական կարգով կարող են վիճարկվել միայն վարչական կարգով բողոքարկվելուց հետո՝ օրենքով նախատեսված բացառություններով։ Միաժամանակ օրենքը թույլատրում է հատուկ միջոցներ գործադրել, եթե վարորդը դիտավորյալ չի ենթարկվում տրանսպորտային միջոցը կանգնեցնելու իրավաչափ պահանջին։
Ամփոփելով՝ ոստիկանությունը մեքենան կարող է կանգնեցնել և փաստաթղթերը ստուգել օրենքով սահմանված դեպքերում, մեքենան զննել՝ օրենքով սահմանված հիմքերով, մասնավորապես՝ տեղեկությունների կամ հիմնավոր կասկածների դեպքում, վարորդին իջնելու ցուցում կարող է տրվել միայն կանոնագրքով սահմանված բացառիկ դեպքերում, իսկ քաղաքացու կողմից տեսանկարահանումը դադարեցնել պահանջելու իրավունք պարեկը, որպես կանոն, չունի», – տեղեկացնում է կայքը։




















