Փաշինյանը թող իզուր ժամանակ չվատնի, ոչ ոք չի պատրաստվում ընդունել նրա նախագիծը. Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության հանրաքվեի անցկացման վերաբերյալ առաջարկը մերժվում է, և ընդդիմությունը չի պատրաստվում որևէ պայմանավորվածության գնալ իշխանությունների հետ։
Խաչատրյանն ընդգծել է, որ, իր գնահատմամբ, Սահմանադրության փոփոխությունը բացառապես Ադրբեջանի շահերից է բխում, և ընդդիմությունը չի ընդունի նման նախաձեռնությունը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը պետք է հեռանա, ոչ թե փոխվի Սահմանադրությունը, հակառակ դեպքում Հայաստանը կդառնա Ադրբեջանի վասալը։
«Փաշինյանը թող իզուր ժամանակ չվատնի, որովհետև ոչ ոք չի պատրաստվում ընդունել նրա նախագիծը»,- ընդգծել է Խաչատրյանը։
Լրագրողների հարցին, թե ընդդիմությունն ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել, որպեսզի Հայաստանը չդառնա ադրբեջանական գաղութ, Խաչատրյանը պատասխանել է.
«Ես խոսքս ինչո՞վ սկսեցի. որ որևէ պայմանավորվածություն բացառում ենք։ Դուք ասում եք՝ Փաշինյանի առաջարկը պատրաստվու՞մ ենք կյանքի կոչել։ Չի լինելու նման բան։ Ընդդիմությունն իր գործողությունների մասին կտեղեկացնի պատշաճ կերպով»,– հավելել է «Հայաստան» խմբակցության քարտուղարԱրթուր Խաչատրյանը։




















