Ep. 2, Se. 6. Եկեղեցին ասպատակողների վերջին հանգրվանը. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան
- Lilit

- 2 hours ago
- 3 min read

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հոդված է հրապարակել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից.
«Վերջին օրերին ուշադրությամբ հետևում եմ եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումներին, որոնց բարձրակետը դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած բորենիախմբի տապալված գրոհն էր Մայր Աթոռի տարածքում։ Ռեժիմի պարագլուխն իր համար «կյանքի ու մահվան» հարց է դարձրել Վեհափառ Հայրապետին «հեռացնելը» և այդ ճանապարհին ոչ մի միջոցի հարցում խտրություն չի դնում։
10 տիրադավ եպիսկոպոսներին տարատեսակ կոմպրոմատներով իր շուրջը հավաքելով՝ պարագլուխը փորձելու է նրանց որպես գործիք մինչև վերջ օգտագործել եկեղեցու դեմ և այդ գործիքը մաշելուն պես վերջիններիս կա՛մ դեն է նետելու, կա՛մ հրապարակելու է դրանց վրա ունեցած կոմպրոմատները։ Սա է Հայաստանում հաստատված ռեժիմի էությունը, բայց, որ 10 տիրադավները պատրաստ էին անգամ Մայր Աթոռը գրոհել, նույնիսկ ինձ համար զարմանալի և եղկելի էր։ Ավելի եղկելի էր տեսնելը, թե ինչպես էին այս 10 հոգանոց տիրադավներին ուղեկցում ԱԱԾ-ի, ոստիկանության և այլ ստորաբաժանումների քաղաքացիական հագուստներով խմբերը։ Իսկ բորենիական հարձակման մնացյալ թշվառությունն ապահովում էին տեսախցիկների առաջ հայհոյող սակավաթիվ տավրոսսափեյանները, որոնք այնպիսի ջանասիրությամբ էին հայհոյանքներ տալիս իրենց սաստողներին, ասես ռեժիմի պարագլխից իրենց այդ վիճակում հայտնվելու մուռը հանելուց լինեին։
Իհարկե, ռեժիմի «զինվորների» կողմից հնչեցված հայհոյանքներն ու հանրության ներկայությամբ Մայր Աթոռի դռները կոտրելու փորձերը որևէ դեպքում խուլիգանության հանցակազմ «չեն պարունակում»։ Հիշեցնեմ, որ մեր երկրում խուլիգանության հանցակազմի անբաժանելի մաս է կազմում ռեժիմին քննադատելը և հայտնի «հետույքը»։
Ինչևէ, անկախ ներդրված տիտանական ջանքերից՝ կարող ենք արձանագրել, որ գործ ունենք ռեժիմի պարագլխի հերթական ձախողված փորձի հետ, որում իրենց մեծ ներդրումն ունեն դեկտեմբեի 18-ի ասպատակությանը դիմադրելու գնացած հավատավոր ժողովուրդը, որոնց թվաքանակը մի քանի անգամ ավել էր տավրոսսափեյանների, ուսադիրների պատվի մասին մոռացածների գլխաքանակից։ Հենց հավատավոր ժողովուրդն էր, որ այդ օրը կասեցրեց ռեժիմի հերթական դավադրությունն ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու։
Իմ ամբողջական սատարումն եմ հայտնում Հայ առաքելական եկեղեցուն և Վեհափառ Հորն այս բորենիություններին դիմադրելու համազգային ճակատամարտում։ Առավել քան վստահ եմ, որ այս ճակատամարտում տիրադավներն ու իրենց պարագլուխը չեն հաջողելու, քանի որ հայ ժողովրդի որակյալ մեծամասնությունը բջիջներով է զգում տեղի ունեցողի աղետալիությունը և կանգնած է Հայ առաքելական եկեղեու և Վեհափառ Հայրապետի կողքին։
Զարմանալի չէ (շատ ցավալի է), որ այս, ինչպես նաև մեր երկրում տեղի ունեցող ռեժիմի հակառակորդներին ճնշելու և հետապնդելու հարցում պարագլխի հիմնական գործիքն է դարձել Ազգային անվտանգության ծառայությունը։ Ցավալի է տեսնել իմ լսած հարուստ համակարգային կառույցի հրապարակային ոչնչացման գործողությունը, որը, վստահ եմ, ռեժիմի պարագլխի կողմից հատուկ է արվում, որպեսզի հնարավորինս անդառնալի ոչնչացնի ԱԱԾ-ն որպես կառույց։
Կործանման անդառնալիության կետը շատ մոտիկից տեսանելի դարձավ, երբ ռեժիմի կուսակցական պաշտոնաթերթը, տեղադրելով մի լուսանկար, գրեց, որ այն ստացել է ԱԱԾ-ից (այստեղ ԱԱԾ-ն արդեն կուսակցաթերթի աղբյուր դարձավ), և իբր այդտեղ տեղադրված «փաստաթուղթը» հավաստում է այն մասին, որ Եզրաս արքեպիսկոպոսը սովետական ՊԱԿ-ի գործակալ է։
Կուսակցական պաշտոնաթերթին նմանատիպ տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ ավելի մանրամասն գրել եմ «Հրապարակ» օրաթերթի չորեքշաբթի օրվա տպագիր համարի իմ հոդվածում։ Միայն այստեղ ավելացնեմ, որ ավելի ծիծաղելի և մանր ժուլիկությանը չզիջող հնարք կարող էր իրեն թույլ տալ միայն ռեժիմի պարագլուխը՝ թքած ունենալով նրա վրա, որ այդպիսով ոչ միայն ինքն է ծիծաղի առարկա դառնում, այլ ոչնչացնում է մի ամբողջ հիմնարկի հիմնական գործիքակազմը։ Իսկ Եզրաս սրբազանի մասին հրապարակվածի առնչությամբ ընդամենը պետք է ասել, որ հանցագործություն է միայն օտարեկրյա հատուկ ծառայությունների հավաքագրված գործակալ լինելը, որը, ինչպես ասում են, կաներ ամբողջությամբ նույն բաները, ինչն այսօր անում է ռեժիմի պարագլուխը։
Անկեղծ ասած, երբ հեռուստացույցով լսեցի այդ տեղեկատվությունը, ամբողջությամբ չէի հավատում դրա ճշմարտացիությանը։ Նախ, Սովետական Միության տարիներին ՊԱԿ գործակալ լինելը որևէ կերպ չէր նշանակում օտարերկրյա հատուկ ծառայության գործակալ լինել։ Երկրորդ, օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալ լինելը պետական դավաճանություն է, և երբ երկրի ղեկին նստած մարդն ասում է, որ իր երկրում կան օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալներ, դա աբսուրդի թատրոն է դառնում, քանի դեռ խոսքն արդեն իսկ դատապարտված անձանց մասին չէ։ Երրորդ, բացառվում է, որ լուրջ ԱԱԾ-ն նման բան անի՝ արխիվից նման փաստաթուղթ հանի ու տա ինչ-որ լրատվամիջոցի, քանի որ գործակալական ցանցի անգամ արխիվներին տիրապետելը և դրանք հանրայնացնելը ուղիղ հարված են ցանկացած հատուկ ծառայության հեղինակությանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի չորեքշաբթի օրվա համարում։
Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան,
«Արմավիր» ՔԿՀ
21.12.2025թ.»։




















