top of page

Առողջապահությունը պետք է դիտել ոչ թե որպես բյուջետային ծախս, այլ՝ որպես պետության երկարաժամկետ ներդրում մարդկային կապիտալի մեջ. Դավիթ Անանյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 hours ago
  • 2 min read

ree

Առողջապահությունը՝ որպես սոցիալ-տնտեսական ռիսկի հայելի (երբ առողջապահությունը դառնում է ոչ թե պաշտպանող համակարգ, այլ սոցիալական ծանրաբեռնվածության աղբյուր): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«Առաջին հայացքից թվերը կարծես ահագնացող պատկեր չեն ներկաացնում, մասնավորապես, 2025թ․ հունվար–հոկտեմբերին Հայաստանի՝ բուժօգնության դիմումների քանակը կազմել է մոտ 2.34 մլն՝ ընդամենը +0.9% տարեկան աճով։ Մեկ բնակչի հաշվով բժշկի այցելությունը՝ 0.76 (2024թ․՝ 0.75)։ Այսինքն՝ ստացվում է, որ թվերով գրեթե շարժ չկա։

Բայց հենց այս «կայունությունն» էլ հենց մեր երկրի համար հանդիսանում է վտանգավոր ազդակ․ մարդիկ բժշկի չեն գնում, որովհետև առողջապահական ծառայությունը դարձել է թանկացող և դժվար հասանելի բեռ՝ ոչ թե կանխարգելիչ պաշտպանություն։

Կանխարգելիչ բժշկությունը գրեթե բացակայում է

Առողջապահական ծախսերի կառուցվածքը մնում է վատթարագույն հարաբերակցությամբ, մասնավորապես, բուժում՝ 82%, կանխարգելում՝ 8–9%։

Այս մոդելը նշանակում է, որ պետությունը ներդրում չի անում առողջ մարդու համար, այլ փորձում է «վերանորոգել» հիվանդ քաղաքացուն՝ այն պահին, երբ հիվանդությունն արդեն դարձել է եկամտի կորուստ, աշխատատեղի կորուստ և սոցիալական ճնշում։

Այդպիսով, առողջապահությունը չի կանխում ռիսկերը, այլ արձագանքում է դրանց շատ ավելի ուշ, և շատ ավելի բարձր գնով։

Սեփական միջոցներով բուժվողների բարձր մասնաբաժինը՝ ուղիղ աղքատացման ռիսկ

Յուրաքանչյուր հինգերորդ քաղաքացի դեռևս բուժօգնության ծախսերը հոգում է սեփական միջոցներով։ Սա նշանակում է՝ հիվանդանալը Հայաստանում շարունակում է մնալ աղքատացման հիմնական պատճառներից մեկը։

Երբ ընտանիքը հարկադրված է բժշկական ծառայությունների համար վարկ վերցնել, առողջապահական խնդիրը դառնում է նաև վարկային, եկամտային և համայնքային անհավասարության խնդիր։

Վարակիչ հիվանդությունների բարձր մակարդակը՝ որպես կառավարման խոցելիություն

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ զգալի տարածված են թոքաբորբը, աղիքային վարակները և կենդանիներից մարդկանց փոխանցվող հիվանդությունները։

Այս ցուցանիշները խոսում են մեկ բանի մասին՝ «կատարյալ չէ» հանրային վերահսկողությունն ու կանխարգելման քաղաքականությունը։

Հիվանդացության հիմնական ծանրությունը ընկնում է աշխատունակ տարիքի բնակչության վրա

Թվերը ցույց են տալիս, որ հիվանդությունների զգալի մասը գրանցվում է 20–59 տարեկան խմբում։ Սա արդեն ոչ միայն առողջապահական, այլև՝ արտադրողականության, աշխատաշուկայի, ինչպես նաև տնտեսական կայունության խնդիր է։ Երբ աշխատող մարդը ամիսներով դուրս է մնում աշխատանքից, տուժում է ոչ միայն նրա ընտանիքը, այլև ողջ տնտեսության ստեղծվող արժեքը։

«Աճող տնտեսությունն» ընդդեմ աճող առողջական ճգնաժամի

Եթե երկրի տնտեսությունն «աճում» է, բայց քաղաքացին ավելի հաճախ է հիվանդանում, եթե բժշկի հասնելը դառնում է ավելորդ շքեղություն, եթե գյուղական համայնքը բուժօգնությունից կտրված է ժամանակով ու տարածությամբ, ապա առողջապահությունը դառնում է ոչ թե սոցիալական պաշտպանություն, այլ՝ համակարգային տնտեսական սպառնալիք։

Եզրակացություն

Առողջապահությունը պետք է դիտել ոչ թե որպես բյուջետային ծախս, այլ՝ որպես պետության երկարաժամկետ ներդրում մարդկային կապիտալի մեջ։ Առողջ մարդն է ստեղծում տնտեսական արժեք, ոչ թե ժամանակավոր «թվաբանական աճը»։

1/3037
bottom of page