Հայաստանում հեղուկ գազը թանկացել է․ տնտեսագետը մանրամասնում է
- Lilit

- 9 hours ago
- 2 min read

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում հեղուկ գազը թանկացել է 20-30 դրամով։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ ՀՀ-ն հեղուկ գազ ներկրող երկիր է, չի արտադրում։
«ՀՀ-ն հեղուկ գազ հիմնականում ներկրում է Ռուսաստանից, մասամբ նաև Իրանից և Իրաքից։ Եվ երբ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով խնդիրներ են առաջանում Վերին Լարսի անցակետում, դա ՀՀ-ի վրա ուղղակի ազդեցություն է թողնում։ Շատ հաճախ տեղի է ունենում սպեկուլյացիա, այսինքն ներկրողները, տեսնելով, որ Վերին Լարսի անցակետը փակ է, զգալի թանկացնում են հեղուկ գազի գինը շուկայում՝ ստեղծելով որոշակի խուճապային տրամադրություն։
Վրացական սահմանապահները պարբերաբար խնդիրներ են առաջացնում մեր ներկրողների ու արտահանողների համար, մասնավորապես LPG ներկրողների համար լրացուցիչ ծախսեր են առաջացնում այս պահին, որն ուղղակի ազդեցություն է թողնում բեռնատարի տրանսպորտային ծախսերի վրա և դա էլ ազդեցություն է ունենում գնագոյացման վրա։ Վրացական կողմը չնախատեսված լրացուցիչ ֆինանսական բեռ է դնում ներկրողների վրա, որը պետք է արտահայտվի գների աճով»,- Aysor.am-ի հետ զրույցում ասել է Պարսյանը։։
Մասնագետտը նկատել է՝ այս պահին հեղուկ գազի շուկայում գները տատանողական են ու խառը. «Նույնիսկ գները երբեմն ինքնարժեքից էլ ցածր են լինում, բայց ընդհանուր տրամաբանությունն այն է, որ ՀՀ-ն պետք է փորձի դիվրեսիֆիկացնել ներկրման հնարավորությունները և նվազեցնել կախվածությունը Վերին Լարսից։ Դա է հիմնական խնդիրը, որը մենք պետք է փորձենք լուծել»։
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է հեղուկ գազն էլ ցորենի նման Ադրբեջանի տարածքով կարողանան ներկրել, Պարսյանը պարզաբանել է. «Այո, կարելի է բերել։ Բայց, հաշվի առնելով, որ ցորենը բերվել է Վրաստանի տարածքով, դարձյալ իմաստ չունի։ Եթե բերում ենք Ռուսաստանից, ապա պետք է փորձենք Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան տարբերակը, օրինակ Ղազախով ու Իջևանով ներկրումը կարողանանք ապահովել։ Այդ դեպքում արդյունավետությունը կավելանա, քանի որ ՀՀ-ն հստակ այլընտրանք կունենա»։
Անդրադառնալով տնտեսվարողների որոշակի սպեկուլացիոն քայլերին և պետական մարմինների վեերահսկողությանը՝ Պարսյանը նշել է, որ ՄՊՀ-ն այս շուկան համարում է մրցակցային. «Նշում են, որ շուկայում կան 100-ից ավելի ներկրողներ, հետևաբար իրենք անելիք չունեն շուկայում։ Իրենք այդ տրամաբանությամբ են շարժվում»։
Ինչ վերաբերում է բենզինի գներին, տնտեսագետը հավելել է, որ փոփոխություն այս պահին չկա. «Այս պահին համաշխարհային շուկայում նավթի գներն իջել են և դա կարող է ինչ-որ ազդեցություն թողնել մեր ներկրող բենզինի վրա, բայց ներկրվող բենզինի ինքնարժեքի վրա շատ փոքր ազդեցություն ունի կոնկրետ նավթի գինը։ Ավելի մեծ ազդեցություն ունեն տրանսպորտային ծախսերը, հարկերը, աշխատավարձը և այլ վճարները»։




















