top of page

Կրшկոց՝ Զովունի գյուղի սկզբնամասում․ կա վիրшվոր․ կրшկոց արձակողը «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով բшխվել է «Nissan»-ին, ապա դիմել փախուստի․ մանրամասներ

  • Feb 17
  • 1 min read


Փետրվարի 16-ին, կրակոց է հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը հրազենային վնասվածքով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։



Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բժիշկները հիվանդանոցում իրավապահներին հայտնել են, որ վիրավորը հրազենային վնասվածք է ստացել ձախ ոտքի հատվածում և գտնվում է վիրահատարանում ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։



Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, քրեական և համայնքային ոստիկանները ու պարեկները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Զովունի–Եղվարդ ավտոճանապարհի Զովունի գյուղի սկզբնամասից։



Իրավապահները ժամանելով նշված վայր՝ այնտեղ հայտնաբերել են «Hongqi» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը նշված ավտոմեքենայով բախվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել, կանգնեցրել ավտոմեքենան, դուրս եկել այնտեղից և իր մոտ պահվող հրազենից մոտ 30–40 մետր հեռավորությունից կրակոց է արձակել վիրավորի ուղղությամբ, ապա ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում՝ դիմել է փախուստի։



Դեպքի փաստով Նաիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։



Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները ու քննչական կոմիտեի փորձագետը, Նաիրիի ոստիկանները օպերատիվ տեղեկություններով հայտնաբերել են կրակոցներ արձակողին, ում տեղափոխել են ոստիկանության Նաիրիի բաժին և, հավանաբար, այնտեղից կներկայացնեն Նաիրիի քննչական բաժին։



Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի, կրակոցներ արձակողի և ավտոմեքենաների սեփականատերերի ու մոտոցիկլավարի ինքնությունը։

1/3241
bottom of page