Մ-17 ԱԱ. Վազգեն Մնացականյանը պարտվեց եւ կպայքարի բրոնզե մեդալի համար
- 1 day ago
- 1 min read

Բաքվում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Մնացականյանը չհաղթահարեց կիսաեզրափակիչի արգելքը եւ կպայքարի բրոնզե մեդալի համար:
65 կգ քաշային Մնացականյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Շամիլ Լաբազանովի հետ: Առաջին մրցափուլի առաջին րոպեում ռուս ըմբիշը հարմար բռնվածքով 4 գլորումով հաշիվը դարձրեց 8:0:
Վազգեն Մնացականյանը հուլիսի 28-ին բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի:
Մնացականյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 7:4 հաշվով վերջին վայրկյաններին հաղթանակի էր հասել Իրանի ներկայացուցիչ Արմին Ղոլի Գալեհի նկատմամբ: 1/8 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 5:2 հաշվով պարտության էր մատնել Ղրղզստանը ներկայացնող Կամիլ Բերդիկուլովին: Քառորդ եզրափակիչում 4:3 հաշվով առավելության էր հասել խորվաթ Լովրո Վիդովիչի նկատմամբ:
Հայաստանի ներկայացուցիչներից բրոնզե մեդալի համար կպայքարի նաեւ 48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը, որը կիսաեզրափակիչում 1:4 հաշվով զիջել էր ղազախ Ալի Ալմասին:
Գագիկ Խաչատրյանի գլխավորած հավաքականից առաջին մրցումային օրը գորգ դուրս եկած Գեղամ Եղիազարյանը (55 կգ), Վահե Հովեյանը (80 կգ) եւ Խաչիկ Խաչատրյանը (110 կգ) պարտվել են:
Գեղամ Եղիազարյանին 1/8 եզրափակիչում հաղթած բելառուս Տեմաֆեյ Սեմյանենկան պարտվեց կիսաեզրափակիչում, Հայաստանի ներկայացուցիչը զրկվեց սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորությունից:
Եթե Վահե Հովեյանիn (80կգ) եւ Խաչիկ Խաչատրյանին(110 կգ) մրցակիցները դուրս գան եզրափակիչ, հայ ըմբիշները բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու հնարավորություն կստանան:




















