top of page

Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է մոսկովյան իր այցի ժամանակ ռուսաստանյան լրատվամիջոցների վարքագիծը

  • 18 hours ago
  • 2 min read

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանել է փետրվարի 5-ին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ իր հանդիպման վերաբերյալ հարցերին։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը ծանր է համարում այցը՝ հաշվի առնելով Սերգեյ Լավրովի դժգոհությունը Մոսկվայի հասցեին Երևանի քննադատությունից և Եվրամիության հետ Հայաստանի մերձեցումից, խորհրդարանի խոսնակը նշել է, որ այցն աշխատանքային էր։

«Այն ծանր չեմ համարում։ Աշխատանքային էր։ Կարծում եմ՝ կայացավ այն խոսակցությունը, որն ակնկալում էի։ Եվ կարող եմ ասել, որ խոսակցությունն իրականում ինձ դուր եկավ, որովհետև ագրեսիա չկար, չկային հարցեր, որոնք հնարավոր չէր քննարկել կամ որոնք կստեղծեին իրավիճակներ, երբ կողմերից մեկն իրեն անհարմար կզգար։ Այնպես որ, կարծում եմ՝ ամեն ինչ նորմալ էր»,- ասել է Ալեն Սիմոնյանը։

Միաժամանակ, ըստ նրա, ինչ վերաբերում է հետագային, այսինքն՝ մամուլին, լրատվամիջոցներին, որոնք լուսաբանում էին իր գործընկերոջ հետ հանդիպումը, «դրանք շատ ավելի ագրեսիվ էին, շատ ավելի այլ հարթության մեջ»։ «Եվ սա ինձ իրականում չզարմացրեց, բայց փոքր-ինչ տարօրինակ էր»,- ասել է ԱԺ նախագահը։

«Ես տեսել եմ «РЕН ТВ»-ի և «Известия» պարբերականի ռեպորտաժը, որտեղ Ձեզ հարցնում էին, թե արդյոք ցանկանում եք Ռուսաստանի կործանումը։ Դուք ասացիք, որ դա այդպես չէ։ Ինչո՞ւ եք կարծում, այնուամենայնիվ, Դուք ասում եք, որ փոքր-ինչ զարմացած եք։ Բայց և այնպես, ո՞րն է ռուսաստանյան պետական քարոզչության կողմից նման անընդունելիության պատճառը»,- հարցրել է լրագրողը։

«Գիտեք, ես կարծում էի, որ պաշտոնական հանդիպումների ժամանակ նրանք ասում են այն նույնը, ինչ հնչեցվում է պաշտոնական հեռուստաալիքներով։ Իսկ պարզվեց, որ պաշտոնական ալիքները շատ ավելի կոշտ ու շատ ավելի դժվարությամբ են արձագանքում իմ ասածներին ու տեղի ունեցածին։ Թեև հանդիպումներում, կրկնում եմ, բոլորովին այլ իրավիճակ էր, այլ մթնոլորտ»,- ասել է խորհրդարանի խոսնակը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանի արտգործնախարարն իրենից ինչ-որ բան է պահանջել, Ալեն Սիմոնյանն ասել է, որ որևէ պահանջ չի եղել։

«Իրականում այն բաց մասը, որը եթերում էր... երբ տեսախցիկներն անջատեցին (չնայած չգիտեմ՝ որ պահին են միացրել), մենք պարզապես սկսեցինք այդ ողջ խոսակցությունը մանրակրկիտ՝ կետ առ կետ քննարկել։ Եվ կարծում եմ՝ իրականում այն պատկերացումը, թե ինչ է կատարվում Հայաստանում, կա՛մ աղավաղված է, կա՛մ նրանք իրականում չեն ցանկանում ընկալել այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում»,- ասել է Ազգային ժողովի նախագահը։

1/3177
bottom of page