top of page

Այս իշխանության վերաբերմունքը լրագրողների հանդեպ ավելի վատն է, քան նախկին բոլոր իշխանությունների օրոք. Արամ Աբրահամյան

  • Apr 10
  • 1 min read


«Սա սովորական ընտրություն չէ, չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ մենք գնում ենք դեպի պետության կործանում, ինքնիշխանության կորուստ։ Ում համար թանկ են օրինականությունը, սահմանադրականություն, ժողովրդավարությունը, անպայման պետք է մասնակցեն ընտրություններին, գնան ընտրատեղամաս։ Խորհուրդ եմ տալիս ձայն տալ այն ընդդիմադիր ուժին, որը հաստատ հաղթահարելու է անցողիկ շեմը և չի համագործակցելու իշխանության հետ»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։

«Նիկոլ Փաշինյանը բոլոր նրանց, ովքեր իր հետ համաձայն չեն, համարում է թշնամի և հայտարարում է այդ մասին։ Լրագրողներիս նույնպես հռչակել է թշնամի։ Իշխանականները հարցնում են՝ ո՞վ է ձեզ ֆինանսավորում։ Սա հնացած հարց է՝ 90-ականներից եկող, որովհետև այն տարիներին սև շրջանառություն կար։ Հիմա լրատվամիջոցներն աշխատում են պայմանագրերով, ինձ ֆինանսավորում է նաև ՔՊ-ն, որովհետև ես համարում եմ, որ եթե բոլոր կուսակցությունների գովազդը կա մեր կայքում, ուրեմն ՔՊ-ինն էլ պետք է լինի։

Ինչ վերաբերում է ակնարկին, թե շնորհակալ եղեք՝ հիմա լրագրողներին չեն ծեծում, ապա դա աբսուրդ է։ Այս իշխանության վերաբերմունքը լրատվամիջոցների, լրագրողների հանդեպ ավելի վատն է, քան եղել է նախկին բոլոր իշխանությունների օրոք։ Այն ատելությունը, ագրեսիան, որ գեներացնում են Փաշինյանն ու ՔՊ-ն, առաջ է բերում  այնպիսի մի վիճակ, երբ մարդկանց միջև ստեղծվում են պատեր, սառույց է առաջանում, որը Փաշինյանի հեռանալուց հետո էլ հեշտ չի լինելու հալեցնել։ Նոր իշխանությունը պետք է հաշտության քայլեր անի»։

bottom of page