top of page

Փաշինյանը որդեգրել է շանտաժի, նսեմացնելու գործելաոճ. իշխանությունն օրինական ոչինչ չի անում. իրավապաշտպան

  • Writer: Lilit
    Lilit
  • 10 hours ago
  • 2 min read

ree

 Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը բացառում է, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսաձայնագրություններն արվել են դատարանի որոշմամբ։

 «Այստեղ կարևոր է, թե արդյո՞ք իրավապահ մարմինները քրեական գործ հարուցել են այդ տեսանյութերի հրապարակման առնչությամբ։ Իշխանությունների կողմից Արշակ սրբազանին վարկաբեկելու  փաստն ակնհայտ է, քանի որ հենց  այդ տեսանյութերի հրապարակման ժամանակ քարոզչություն էր անում իշխանական շրջանակը»,- զրույցում ասաց Ալեքսանյանը։

Իրավապաշտպանը պնդում է՝ այստեղ գործ ունենք անօրինականության հետ, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում։

 «Մարդու անձնական կյանքի միջամտությունը պետական մակարդկով չի կարող լինել, դա արգելված է Սահմանադրությամբ և օրենքներով։ Միանշանակ պետք է քրեական գործ հարուցվի, որպեսզի պարզվի, թե ով է արել  այդ ձայնագրությունը, չնայած դա ակնհայտ է՝ այն իրականացրել է իշխանական շրջանակը»,-շեշտեց նա։

Ալեքսանյանը վստահ է՝ դա արել են իշխանականները, սակայն փորձում էին գցել Վեհափառի վրա՝ մեկնաբանելով, թե Արշակ Սրբազանը պահանջել է Վեհափառի հրաժարականը, նա էլ շանտաժ է անում.«Բայց չկպավ։ Կեղտն այնքան շատ էր, որ մնաց իշխանության վրա։  Այստեղ բոլորովին կարևոր չի, թե եղել է, չի եղել․ Նիկոլ Փաշինյանն այս ամենն անում է՝ վարկաբեկելու հոգևորականներին և եկեղեցու վրա կեղտ լցնելու համար։ Բայց դա մնաց իրենց վրա և դժվար կարողանան  մաքրվել դրանից»։

Իրավապաշտպանը տարօրինակ չի համարում, որ հոգևորականի մասին կեղտոտ տեսանյութեր տարածեցին Հովհաննավանքի անօրինական պատարագից առաջ.«Իրենց հաշվարկն այն էր, որ դա հօգուտ իրենց արձագանք կստանա։ Բայց, գիտեք ինչ՝ անբարոյականները երբեք ճիշտ հաշվարկ չեն անում։ Գարշահոտ, զզվելի էր»։

Ըստ Ժաննա Ալեքսանյանի՝ Նիկոլ Փաշինյանը որդեգրել է շանտաժի,  նսեմացնելու գործելաոճ.

«Քաղաքական, օրինական ոչ մի բան չի անում։ Կա՛մ հայհոյում է, կա՛մ ձայնագրում է, դրանք հասնում են դատարան և օդ են ցնդում։ Մենք տեսանք, որ այդ ձայնագրությունները Բագրատ Սրբազանի դեպքում կեղծ էին։ Իմիջիայլոց, երկու տարի առաջ էլ Ավետիք Չլաբյանի նկատմամբ կար ձայնագրություն, էլի ընտրական պրոցեսների հետ էին կապված։  Այս իշխանությունն այն աստիճան կեղտի մեջ է, որ իրենք, բացի կեղտից, ոչինչ չեն տեսնում։ Ոչ մի սրբություն չունեն։ Կարգալույծ քահանայով գնալ և մասնակցել պատարագի, սատանաների հավաք էր։ Ինձ համար անպատկերացնելի էր  Հայաստանում այսպիսի վիճակ տեսնելը։ Մենք տեսանք նաև, որ տեղի գյուղացիներն էլ շատ չէին մասնակցում այդ կեղծ պատարագին, հավաքել էին տարբեր տեղերի ՔՊ-ականներին»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ի երեկոյան  «Armenian WikiLeaks» տելեգրամյան ալիքը տարածել էր ինտիմ բնույթի մի քանի տեսանյութ՝ պնդելով, թե կադրում երևում են Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և նրա քեռակինը։

bottom of page