Ալիևի երեկվա հայտարարությունները չպետք է մեզ մոտ տպավորություն ստեղծեն, թե բանակցությունները մտել են փակուղի. Արթուր Հովհաննիսյան
- Lilit

- Dec 6, 2024
- 1 min read

Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարությունները չպետք է մեզ մոտ տպավորություն ստեղծեն, թե բանակցությունները մտել են փակուղի, ոչ, բանակցությունները շարունակվում են: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ բնականաբար, բանակցություններում կան դժվարություններ, խնդրահարույց կետեր, որոնց շուրջ քննարկումներն ավելի բարդ են և ժամանակատար:
«Ինչ վերաբերում է Ալիևի և Ադրբեջանից այլ պաշտոնյաների կողմից հնչող տարբեր մեկնաբանություններին, նպատակահարմար չեմ գտնում այս պահին դրանք մեկնաբանել: Գլխավոր բանակցողները շարունակում են բանակցել Ադրբեջանի ու միջազգային մեր գործընկերների հետ՝ խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքին հասցնելու համար»,- ասաց նա:
Ճշտող հարցին՝ օրակարգում ադրբեջանցիների վերադարձ կա՞, նա ասաց, որ տարաբնույթ հարցեր կան և ինքը չի կարող մանրամասնել բանակցությունների դետալները՝ դրանց խորհրդատվական լինելու բերումով:
Իսկ թե ինչպիսին է Հայաստանի դիրքորոշումը այս հերթական պահանջի նկատմամբ, նա ասաց.
«Մենք խոսում ենք բանակցությունների մասին, այստեղից ցանկացած հրապարակային դիրքորոշում հայտնել բանակցությունների պրոցեսի ընթացքում, նշանակում է տվյալ հարցը մտցնել հնարավորինս փակուղի: Մենք հրապարակային որևէ դիրքորոշում չենք կարող հայտնել, դիրքորոշումները հայտնվում են բանակցությունների սեղանին, քննարկումների գործընթացում»:
Երեկ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Հայաստանը «պետք» է բանակցություններ սկսի, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանական» համայնքի հետ և գործնական քայլեր ձեռնարկի նրանց հիմնարար իրավունքները վերականգնելու համար:




















