Հանրային վայրերում կարգելվի նարգիլեի վաճառքն ու օգտագործումը․ նախագիծ

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է հասարակության շրջանում, մասնավորապես՝ անչափահասների շրջանում, նարգիլեի և ծխախոտային տարբեր արտադրատեսակների օգտագործման տարածվածությամբ, ինչպես նաև դրանց՝ առողջության համար ոչ վտանգավոր լինելու վերաբերյալ թյուր պատկերացումների տարածմամբ։
Հիմնավորման համաձայն՝ 2022 թվականին Հայաստանում իրականացված հետազոտության արդյունքներով՝ դպրոցահասակ երեխաների 35 տոկոսը կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ նարգիլե է օգտագործել։ Ընդ որում, նարգիլե օգտագործած 15 տարեկան տղաների թիվը կազմել է 43 տոկոս, իսկ 17 տարեկան տղաներինը՝ 53 տոկոս։
Նախագծի հեղինակները նշում են, որ նարգիլեի օգտագործումը կապված է մի շարք առողջական ռիսկերի հետ։ Նարգիլեի ծուխը պարունակում է ածխածնի մոնօքսիդ, խեժ և այլ թունավոր նյութեր։ Ընդ որում, նույնիսկ նիկոտին կամ ծխախոտի տերև չպարունակող, այսպես կոչված՝ բուսական նարգիլեների օգտագործումը չի վերացնում առողջության համար վտանգները։
Հիմնավորման մեջ ընդգծվում է նաև, որ նարգիլեի օգտագործման ընթացքում առաջացող երկրորդային ծուխը կարող է վնասակար ազդեցություն ունենալ շրջապատի մարդկանց առողջության վրա։ Բացի այդ, նարգիլեի ընդհանուր գուլպաների օգտագործումը կարող է նպաստել վարակիչ հիվանդությունների փոխանցմանը։
Նախագծի հեղինակները նշում են, որ մի շարք երկրներում, այդ թվում՝ Շվեդիայում, Ուգանդայում, Տանզանիայում, Ռուանդայում, Պակիստանում, Հորդանանում, Սինգապուրում, Սաուդյան Արաբիայում, Ղազախստանում և Ղրղզստանում, հանրային վայրերում նարգիլեի օգտագործումն արգելված է։
Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվում է արգելել նարգիլեի, ինչպես նաև այն բոլոր սարքերի և սարքավորումների օգտագործումը, որոնք նախատեսված են որևէ ձևով օրգանիզմ աերոզոլ, գոլորշի կամ ծուխ ներշնչելու համար։
Արգելքը կտարածվի հանրային սննդի օբյեկտների և հանրային այլ տարածքների վրա։ Նախատեսվում է արգելել նաև այդ սարքերի իրացումը և դրանց օգտագործմամբ ցանկացած այլ ծառայության մատուցումը։
Նախագծով սահմանվում է նաև նարգիլեի հասկացությունը։ Այն սարք է, որն օգտագործվում է ծխախոտի կամ ծխախոտի տերև չպարունակող արտադրանքի այրման և (կամ) տաքացման հետևանքով առաջացող աերոզոլ, գոլորշի կամ ծուխ ներշնչելու համար, և որում դրանք անցնում են հեղուկով լցված անոթով։
Վերահսկողությունը
Նշված արգելքի վերահսկողությունը նախատեսվում է վերապահել տեղական ինքնակառավարման մարմիններին։
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում հանրային սննդի օբյեկտներում և հանրային այլ տարածքներում կարգելվի նարգիլեի օգտագործումը, դրա իրացումը և նարգիլեի օգտագործմամբ ծառայությունների մատուցումը։
Նախագծի նպատակն է նվազեցնել նարգիլեի օգտագործման հետևանքով առաջացող առողջական ռիսկերը և նպաստել բնակչության առողջության պահպանմանը։
Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից։ Դրա ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։




















