top of page

Էրդողան–Փաշինյան հանդիպումները նոր նպատակ ունեն. թուրք նախարարը մանրամասնել է

2 hours ago
1 min read

Նախագահ Էրդողանի հանդիպումները վարչապետ Փաշինյանի հետ միտված են հայ - թուրքական կարգավորումը «առավելագույն մակարդակի» բարձրացնելուն, Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին:


Երևանում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովին մասնակցող թուրք պաշտոնյան ասել է՝ հայ - թուրքական կարգավորումը նոր թափ է ստացել այս տարվա մարտից, երբ «Թուրքական ավիաուղիները» սկսեց թռիչքներ իրականացնել դեպի Երևան:


«Թուրքիան ցանկանում է, որ տարածաշրջանում ավելանա խաղաղությունն, անդորրն ու բարեկեցությունը, և իհարկե, մենք շարունակում ենք այս կարգավորման գործընթացը: Հուսով եմ, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների թափ առնելը, կարգավորման գործընթացի արագացումը շատ կարևոր ձեռքբերումներ կտա թե՛ երկու երկրներին, թե՛ տարածաշրջանին», - ասել է Իբրահիմ Յումակլին:


Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը վերջին անգամ հանդիպել են Նյու Յորքում՝ սեպտեմբերին, երբ երկուսն էլ մասնակցում էին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին: Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ Փաշինյանն ու Էրդողանը ընդգծել էին կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը:


Երևանն ու Անկարան 2021 թվականից պայմանավորվել են հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների, սակայն թուրքական կողմը հայ - թուրքական հաշտեցումը մշտապես պայմանավորել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով: Արդյունքում՝ մինչ օրս կյանքի չի կոչվել անգամ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու պայմանավորվածությունը:


Վերջին շրջանում հայ պաշտոնյաները լավատեսական հայտարարություններ են հնչեցնում երեք տասնամյակից ավելի փակ սահմանի բացման հեռանկարի մասին:

1/3683
bottom of page