top of page

Վարորդների համար պարտադիր պահանջ՝ նոյեմբերի 15-ից․ խախտման դեպքում տուգանք է սպառնում

6 hours ago
3 min read

Նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ թեթև մարդատար ավտոմեքենաները և մինչև 3,5 տոննա բեռնատարները պետք է երթևեկեն ձմեռային դողերով։ Առանց դրանց մեքենա վարելու համար նախատեսված է 5 000 դրամ տուգանք։ Սակայն եթե խախտումը հայտնաբերելուց հետո 24 ժամվա ընթացքում այն վերացնեք և նույն ժամկետում ապացույցը ներկայացնեք լիազորված մարմնին, կազատվեք նշանակված տուգանքը վճարելու պարտականությունից։


Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, պահանջները սահմանված են կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման N 2 հավելվածի 4-րդ կետով (ձմեռային դողերի պահանջները լրացվել են 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1880-Ն որոշմամբ, որը գործում է 2024 թվականի դեկտեմբերի 10-ից), իսկ պատասխանատվությունը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասով։


  1. Ե՞րբ և որ մեքենաների համար են ձմեռային դողերը պարտադիր


Նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ արգելվում է շահագործել թեթև մարդատար ավտոմեքենաները և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմեքենաները, եթե դրանց վրա տեղադրված չեն ձմեռային դողեր։


3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարների և ավտոբուսների համար այլ կանոն է սահմանված. 4.9.1 նշանի ազդման գոտում, երբ ճանապարհի ծածկույթին ձյուն կամ մերկասառույց կա, դրանք պետք է երթևեկեն հակասահքային շղթաներով, որոնցով պետք է կահավորված լինեն առնվազն երկու տանող անիվները։


«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ մեքենայի սեփականատերը պարտավոր է ապահովել մեքենայի տեխնիկապես սարքին վիճակը՝ համաձայն շահագործումը թույլատրող պայմանների ու շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկի։


  1. Բավակա՞ն է ձմեռային դողեր տեղադրել միայն երկու անիվին


Ոչ։ Շահագործումն արգելվում է, եթե ձմեռային դողերը կամ բութակավոր հակասահքային դողերը (դրանց կիրառման դեպքում) տեղադրված են մեքենայի ոչ բոլոր անիվների վրա։ Արգելվում է նաև նույն սռնու վրա տեղադրել, մասնավորապես, բութակավոր և չբութակավոր կամ ցրտադիմացկուն և ոչ ցրտադիմացկուն դողեր։


  1. Նախշանկարի ո՞ր բարձրության դեպքում է արգելվում ձմեռային դողի շահագործումը


Շահագործումն արգելվում է նաև, եթե սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհին երթևեկելիս ձմեռային դողի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունը 4 մմ է կամ պակաս (մաշվածության ինդիկատորի բացակայության դեպքում)։ Խոսքը վերաբերում է ներսում ձյան փաթիլով եռագագաթ լեռան խորհրդանիշով և դրա հետ համատեղ «M+S», «M&S» կամ «MS» տառերով մակնշված ձմեռային դողերին։ Այս անսարքությունը բացահայտվում է տեխնիկական ախտորոշիչ գործիքների միջոցով։


  1. Իսկ բութակավոր դողերը ե՞րբ են արգելված


Հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին արգելվում է շահագործել մեքենան, եթե դրա վրա տեղադրված են բութակավոր հակասահքային դողեր։


  1. Որքա՞ն է տուգանքը, և ինչպե՞ս կարելի է դրանից ազատվել


Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շահագործումն արգելող անսարքությունների կամ պայմանների առկայությամբ մեքենա վարելու համար նախատեսված է տուգանք նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, այսինքն՝ 5 000 դրամ։


Նույն հոդվածով նախատեսված է վարչական պատասխանատվության չենթարկվելու կամ նշանակված տուգանքը չվճարելու հնարավորություն.


  • խախտումը հայտնաբերելիս լիազորված պաշտոնատար անձը վարորդին իրազեկում է խախտման հատկանիշները վերացնելու դեպքում վարչական պատասխանատվության չենթարկվելու հնարավորության մասին,

  • եթե վարորդն իրազեկումից անմիջապես հետո սկսում է խախտումը վերացնելուն ուղղված գործողություններ, արձանագրություն չի կազմվում,

  • եթե խախտումն անմիջապես վերացնել հնարավոր չէ, կազմվում է արձանագրություն և նշանակվում է տուգանք, սակայն եթե վարորդը հայտնաբերման պահից 24 ժամվա ընթացքում վերացնում է խախտումը և նույն ժամկետում ապացույցը ներկայացնում է լիազորված մարմնին, նա ազատվում է նշանակված տուգանքը վճարելու պարտականությունից, որի մասին կազմվում է արձանագրություն, և դրա պատճենը տրվում է վարորդին։


Եթե խախտումը հանգեցրել է վթարային իրադրության, կարող է կիրառվել նաև օրենսգրքի 124.6-րդ հոդվածի 1-ին մասը, որով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության խախտման հետևանքով վթարային իրադրություն առաջացնելու համար նախատեսված է 20 000 դրամ տուգանք և 2 տուգանային միավոր։ Իսկ եթե օրենքի պահանջների կամ երթևեկության կանոնների խախտման հետևանքով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարով անձի առողջությանը պատճառվել է թեթև վնաս, նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված է 29 000 դրամ տուգանք։



«Ամփոփելով՝ նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ թեթև մարդատար ավտոմեքենաները և մինչև 3,5 տոննա բեռնատարները պետք է երթևեկեն ձմեռային դողերով, ձմեռային դողերը պետք է տեղադրված լինեն բոլոր անիվներին, պահանջները խախտելու համար նախատեսված է 5 000 դրամ տուգանք, որը վճարելու պարտականությունից կարելի է ազատվել՝ խախտումը հայտնաբերելուց հետո 24 ժամվա ընթացքում այն վերացնելով և նույն ժամկետում ապացույցը լիազորված մարմնին ներկայացնելով», – տեղեկացնում է կայքը։

1/3683
bottom of page