top of page

ԱՀԿ տնօրենը հնարավոր է համարել նոր համավարակի տարածումը

  • Jul 18, 2024
  • 1 min read

Ցանկացած պահի աշխարհում կարող է նոր համավարակ սկսվել։ Այս մասին նախազգուշացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը՝ ելույթ ունենալով Ժնեւում, Միջկառավարական բանակցային մարմնի (ՄԿԲՄ) նիստում, որը մշակում է համավարակների կանխման համաձայնագրի նախագիծը։

«Ինչպես մեզ հիշեցնում է [H5N1 թռչնագրիպի] ներկա բռնկումը, հաջորդ համավարակը կարող է սարերի հետեւում չլինել։ Այն կարող է սկսվել ցանկացած պահի։ Այն մեզ չի սպասի»,- ընդգծել է ԱՀԿ գլխավոր տնօրենը։

Նա ՄԿԲՄ մշակած փաստաթուղթն անվանել է «սերունդների համաձայնագիր»՝ նշելով այդ մարմնի կատարած աշխատանքի հրատապությունը։ «Բանակցությունների ավարտն այս տարի պատմական իրադարձություն կլիներ»,- ասել է Գեբրեյեսուսը։ Նա կարծիք է հայտնել, որ «չլուծված հարցերի շուրջ կոնսենսուսի ձեռքբերումը հնարավոր է համեմատաբար կարճ ժամանակում»։

ՄԿԲՄ-ն հուլիսի 16-17-ին Ժնեւում անցկացրել է 2022-ից ի վեր 10-րդ նիստը։ Այս մարմնին հաջողվել է ավարտել համավարակային պայմանագրի նախագծի աշխատանքը մինչեւ Առողջապահության 77-րդ համաշխարհային ասամբլեան (մայիսի 27-հունիսի 1), ինչպես նախատեսված էր։ Ասամբլեայի որոշմամբ՝ ՄԿԲՄ լիազորությունները երկարացվել են մեկ տարով։ Ենթադրվում է, որ փաստաթղթի ուղղությամբ կատարված աշխատանքի արդյունքները կամփոփվեն Առողջապահության 78-րդ համաշխարհային ասամբլեայում 2025թ. մայիսին կամ ասամբլեայի հատուկ նստաշրջանում, որը կարող է տեղի ունենալ մինչեւ 2024թ. վերջը։

Ժնեւում հուլիսի 11-ին տված մամուլի ասուլիսում Գեբրեյեսուսը բոլոր երկրներին կոչ է արել ուժեղացնել թռչնագրիպի դիտարկումները՝ ուշադրություն դարձնելով վերջերս Կամբոջայում եւ ԱՄՆ-ում գրանցված մարդկանց վարակվելու դեպքերին։ Նա նաեւ հիշեցրել է COVID-19-ի դեմ պատվաստման անհրաժեշտության մասին տարեկան մեկ անգամից ոչ պակաս ռիսկի խմբերի համար, որոնց թվում են, մասնավորապես, 60-ից բարձր տարիքի մարդիկ եւ բուժաշխատողները։ ԱՀԿ տվյալներով՝ այժմ ամեն շաբաթ քովիդից աշխարհում մահանում է միջինը 1,7 հազար մարդ։

1/3232
bottom of page