Աշխարհում չկա մաքսային հսկողություն առանց ֆիզիկական միջամտության, TRIPP-ում չգիտեմ՝ ոնց է լինելու. Դավիթ Անանյան
- Feb 17
- 1 min read

Չգիտեմ, չեմ պատկերացնում: Շատ դեպքերում մաքսային հսկողության վերաբերյալ դատողություններ են արվում, որոնք իմ փորձից ու գիտելիքից անդին են: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով TRIPP-ին, դրա մաքսային հսկողությանը:
Նա նշել է, որ մաքսային հսկողությունն առանց ֆիզիկական ներգործության հնարավոր չէ իրականացնել։ Ըստ Անանյանի, հնարավոր է մոնիտորինգային կամ այլ որոշ գործառույթներ կատարել, բայց կան մաքսային ընթացակարգեր, որոնք իրենցից ենթադրում են ֆիզիկական շփում մաքսավորի և քաղաքացու միջև:
«Ես կարող եմ ասել՝ մենք ինչպես ենք պատկերացնում: Մենք պատկերացնում ենք, որ մեր սահմանային հսկողությունը՝ թե՛ մաքսային, թե՛ սահմանապահների հսկողությունը պետք է 100%-ով իրագործվի։
Պատկերացնում եմ, որ ԵԱՏՄ-ի մեր գործընկերների հետ պետք է քննարկում անենք, որովհետև մեր սահմանը նաև ԵԱՏՄ-ի սահման է, հետևաբար մեր մաքսային սահմանների նկատմամբ մաքսային գործընթացներն իրականացվում են ԵԱՏՄ մաքսային օրենսդրության շրջանակում, այդտեղ բազմաբնույթ ու բազմաբևեռ հարցեր կան, որոնք պետք է քննարկվեն»,-նշել է նա:
Անանյանը հավելել է, որ չգիտի՝ այդ հարցերը քննարկվու՞մ են այսօր, թե՞ ոչ, որովհետև չկա պաշտոնական տեղեկություն այն մասին, որ ԵԱՏՄ-ում կա քննարկում՝ կապված TRIPP-ի հետ:




















