Փաշինյանի պնդմամբ՝ ՀՀ-ում հանցագործությունների թիվը նվազել է, մինչդեռ վիճակագրությամբ աճել է
- 2 hours ago
- 1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հայտարարեց, որ 2025թ-ին ՀՀ-ում նվազել է գրանցված հանցագործությունների թիվը։
«Շատ երկար ժամանակ տարբեր միջազգային ռեյտինգներում ՀՀ-ն որպես անվտանգ երկիր էր արձանագրվում՝ ներքին անվտանգության և հանցավորության տեսակետից։ Պետք է հաճույքով արձանագրենք, որ 2025թ-ին հանցավորության որոշակի նվազում ենք ունեցել», – ասաց նա։
Մինչդեռ , իրականում հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվն աճել է ինչպես 2024-ի, այնպես էլ 2023-ի համեմատ։
Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝ 2025-ին գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը կազմել է 46 337։ 2024թ.-ին գրանցվել է 40 232 հանցագործություն, 2023-ին՝ 40 666։
Հատկանշական է, որ ԱՎԿ-ում նշվում է՝ ՀՀ ոստիկանության ներկայացրած տվյալների համաձայն՝ թվով 46 337 հանցագործություններից միայն 40 722-ի վարույթներն են նախաձեռնվել 2025թ.-ին, իսկ 5 615-ը՝ նախորդ տարիներին։
Նախկինում այս տարբերակումը չէր իրականացվում, թե գրանցված հանցագործություններից որոնք են տվյալ տարում վարույթ նախաձեռնված, որոնք՝ նախորդ տարիներից։ Սակայն, նույնիսկ այս դեպքում, 2025թ-ին նախաձեռնված 40 722 վարույթները ևս ավելին են, քան նախորդ տարիներինը։




















