Աֆղանստանում արգելել են շախմատ խաղալ
- Lilit
- 7 hours ago
- 1 min read
Թալիբները Աֆղանստանում շախմատը «հարամ» են համարել։ Առաքինության խրախուսման և արատների կանխարգելման նախարարությունը հայտարարել է, որ խաղն արգելված է և փակել է երկրի շախմատի ֆեդերացիան: Այս մասին հայտնել է Ռուսաստանի քաղաքագետների միության վերլուծական կենտրոնի տնօրեն Անդրեյ Սերենկոն Telegram-ի իր ալիքում:
Նա պատմել է, որ մայիսի 9-ին Աֆղանստանի շախմատիստները դիմել են սպորտի դեպարտամենտ: Նրանք խնդրել են թույլ տալ շախմատ խաղալ, ինչպես նաև ֆինանսական օգնություն ստանալ այդ մարզաձևի խմբերի և մրցաշարերի աշխատանքները կազմակերպելու համար:
«Թալիբանի սպորտի և ֆիզիկական դաստիարակության դեպարտամենտի ներկայացուցիչներն իրենց հայտնել են, որ էմիրի հրամանագիրը շախմատն արգելված է հայտարարել և ֆեդերացիային զրկել է իր գործունեությունը շարունակելու հնարավորությունից», - գրել է Սերենկոն:
Նրա խոսքով՝ շախմատի ֆեդերացիան Թալիբանի իշխանության գալուց հետո երկրում շարունակել է աշխատել։ Շախմատ խաղալ կարող էին սովորել տղամարդիկ և կանայք, իսկ երկրում անցկացվում էին նաև մրցումներ։
Ինչպես հավելել Է Սերենկոն, աշխարհի պետությունների մեծ մասում շախմատը համարվում է ինտելեկտուալ և կրթական մարզաձև, սակայն Աֆղանստանում այդ խաղը դժվարությունների է հանդիպում: