top of page

ՄԱԿ. Իսրայելական բնակավայրերն օկուպացված պաղեստինյան տարածքներում ավելացել են ռեկորդային քանակությամբ

Mar 9, 2024
2 min read

Իսրայելական բնակավայրերը օկուպացված պաղեստինյան տարածքներում ավելացել են ռեկորդային քանակությամբ եւ վտանգում են Պաղեստինի պետության ստեղծումը, ասել է ՄԱԿ մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը, տեղեկացրել է Reuters-ը։

Նրա խոսքով՝ իսրայելական բնակավայրերի աճը հավասարազոր է Իսրայելի սեփական բնակչության տեղափոխմանը, ինչը, նրա խոսքով, ռազմական հանցագործություն է։ Անցած ամիս Բայդենի վարչակազմը հայտնել էր, որ բնակավայրերը «չեն համապատասխանում միջազգային իրավունքին», այն բանից հետո, երբ Իսրայելը հայտարարել էր բնակարանների կառուցման նոր պլանների մասին օկուպացված Արեւմտյան ափին։

Թյուրքի 16 էջանոց զեկույցում, որը ներկայացվելու է Ժնեւում մարտի վերջին, գրանցվել է իսրայելական նոր 24 300 բնակարանի մասին օկուպացված Արեւմտյան ափին 2023թ. վերջից ի վեր, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2017-ից հետո։

Զեկույցում նշվում է նաեւ, որ կտրուկ ավելացել է բռնության ինտենսիվությունը իսրայելցի վերաբնակների կողմից, հատկապես ՀԱՄԱՍ-ի հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո։

Այդ ժամանակվանից ավելի քան 400 պաղեստինցի սպանվել է անվտանգության իսրայելական ուժերի կամ վերաբնակների կողմից, նշվել է հաղորդագրությունում։

Թյուրքի զեկույցում նշվել է, որ Իսրայելի կառավարության քաղաքականությունը սերտորեն կապված է վերաբնակների հետ եւ համընկնում է իսրայելական վերաբնակեցման շարժման նպատակներին։

Զեկույցում գրանցվել են դեպքեր, երբ վերաբնակները, իսրայելական բանակի համազգեստ հագած, եւ բանակային հրացաններով հետապնդել կամ հարձակվել են պաղեստինցիների վրա՝ ոչնչացնելով նրանց միջեւ եղած սահմանները։ Երբեմն նրանց դիմահար գնդակահարել են, նշվել է փաստաթղթում։

Ժնեւում իսրայելական դիվանագիտական առաքելությունն իր հերթին հայտնել է, որ արժեր զեկույցում ներառել տեղեկությունը 2023թ. 36 իսրայելցիների զոհվելու մասին։ «Մարդու իրավունքները համընդհանուր են, սակայն պաղեստինյան ահաբեկչության իսրայելցի զոհերը նորից ու նորից անտեսվում են (գերագույն հանձնակատարի) վարչության կողմից»,- նշվել է հայտարարությունում։

1967թ. մերձավորարեւելյան պատերազմի ժամանակ Արեւմտյան ափը զավթած Իսրայելը  հայտարարում է այն հողի հանդեպ աստվածաշնչյան իրավունքի մասին, որտեղ ավելանում են նոր բնակավայրերը։ Նրա զինվորականները հայտարարում են, որ հակաահաբեկչական գործողություն են իրականանցնում Արեւմտյան ափին եւ հարվածներ հասցնում ենթադրյալ զինյալներին։

Հնգամսյա պատերազմը Գազայում նորից ստիպեց ուշադրություն դարձնել իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծմանը երկու պետությունների սկզբունքի հիման վրա, ինչպես նախատեսված է Օսլոյի համաձայնություններով, որոնք կնքվել են 1990-ականների սկզբին։

Սակայն այդ ժամանակվանից ոչ մի զգալի առաջընթաց ձեռք չի բերվել պաղեստինյան պետականության ստեղծման հարցում, եւ խոչընդոտներից մեկը բնակավայրերի ընդլայնումն է։

1/3635
bottom of page