ԼՂ բռնի տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգով
- Lilit

- Oct 10, 2024
- 1 min read

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն իրենց տրանսպորտային միջոցների համար սեփականության իրավունքի գրանցումը կարող են իրականացնել անխոչընդոտ, պարզեցված և արտոնյալ ընթացակարգով։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստին։
Նշվում է, որ տեղահանման արդյունքում ՀՀ-ում են հայտնվել մասնավոր սեփականություն չհանդիսացող թեթև մարդատար ավտոմոբիլներ, որոնք, ունենալով փաստացի օգտագործողներ, դեռևս չեն հանդիսանում սեփականության իրավունքի օրինական օբյեկտ:
«Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել պարզեցված ընթացակարգով լուծել նշված տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման խնդիրը՝ շեշտադրում կատարելով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության առաջնահերթության վրա»,- ասված է որոշման հիմնավորման մեջ:
Սեփականության իրավունքի պետական գրանցման ժամանակ շահառուներից չի պահանջվի փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք։




















