Եգիպտոսը 30%-ով բարձրացրել է վառելիքի ներքին գները՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով
- 2 hours ago
- 1 min read

Եգիպտոսն այս երեքշաբթի մինչև 30%-ով բարձրացրել է վառելիքի ներքին գները։ Ինչպես հայտնում է AFP-ն, իշխանություններն այս քայլը հիմնավորել են համաշխարհային էներգետիկ «բացառիկ» ճնշմամբ, որն առաջացել է Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի հետևանքով՝ խաթարելով նավթի մատակարարումներն ու ծովային երթուղիները։
Նավթի նախարարության հայտարարած գնաճը վերաբերում է բենզինին, դիզելային վառելիքին և ավտոմեքենաների համար նախատեսված բնական գազին։ Գերատեսչության պարզաբանմամբ՝ գների վերանայումը պայմանավորված է «մատակարարման շղթաների խափանումներով, ռիսկերի մակարդակի բարձրացմամբ, ինչպես նաև ծովային փոխադրումների և ապահովագրության ծախսերի աճով»։ Այս ամենը հանգեցրել է նավթամթերքի գների այնպիսի բարձրացման, որը «չի եղել տարիներ շարունակ»։
Երկուշաբթի օրը նավթի գները կարճ ժամանակով հատել էին մեկ բարելի դիմաց 119 դոլարի սահմանագիծը, սակայն այնուհետև նվազել էին մինչև մոտ 84 դոլար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունից հետո, թե Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմը շուտով կավարտվի։
Եգիպտոսում ամենալայն սպառում ունեցող դիզելային վառելիքը թանկացել է երեք եգիպտական ֆունտով կամ մոտ 17,1%-ով՝ մեկ լիտրի դիմաց նախկին 17,50-ի փոխարեն դառնալով 20,50 ֆունտ (0,38 դոլար)։
Նախարարության տվյալներով՝ 80 օկտանային թվով բենզինի գինն աճել է շուրջ 16,9%-ով՝ հասնելով լիտրի համար 20,75 ֆունտի, իսկ 92 օկտանային թվով բենզինը թանկացել է մոտ 15,6%-ով՝ կազմելով 22,25 ֆունտ։ 95 օկտանային թվով բենզինի արժեքն աճել է մոտ 14,3%-ով՝ հասնելով 24 ֆունտի։ Ամենամեծ թանկացումն արձանագրվել է մեքենաների համար նախատեսված բնական գազի շուկայում՝ 30%-ով, ինչի արդյունքում մեկ խորանարդ մետրի գինը դարձել է 13 ֆունտ։
Վերջին երկու տարվա ընթացքում Եգիպտոսը չորս անգամ բարձրացրել է վառելիքի գները՝ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) 8 միլիարդ դոլար արժողությամբ վարկային ծրագրի շրջանակում։ Ենթադրվում է, որ հոկտեմբերյան մինչև 13% թանկացումը կլինի վերջինը՝ համաձայն նախանշված ծրագրի։




















