top of page

Հայաստանը կարող է տարածաշրջանային օրինակ դառնալ՝ հանքարդյունաբերության ոլորտում․ նախարար

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 4
  • 2 min read
ree

Համաժողովը եզակի հնարավորություն է տալիս քննարկել ոլորտի կայուն զարգացման ուղիները, որոնք համատեղում են տնտեսական շահերը և շրջակա միջավայրի պաշտպանության ամենաբարձր չափանիշները։ Այս մասին ասվում է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի ուղերձում՝ ուղղված «Հայաստանի հանքարդյունաբերությունը» («Mining Armenia Forum 2025») համաժողովի մասնակիցներին։

«Մեր երկիրը հարուստ է բնական ռեսուրսներով, սակայն ժամանակակից աշխարհում գոյություն ունի հստակ մոտեցում, համաձայն որի՝ տնտեսական զարգացումն աներևակայելի է առանց բնապահպանական պատասխանատվության։ Մենք պարտավոր ենք ապահովել մի քաղաքականություն, որի դեպքում հանքարդյունաբերության յուրաքանչյուր փուլ իրականացվում է՝ առաջնահերթություն տալով շրջակա միջավայրի պահպանությանը, էկոհամակարգերի կայունությանը և բնակչության առողջությանը։

Շրջակա միջավայրի նախարարությունը հետևողականորեն աշխատում է առաջադեմ միջազգային փորձի ներդրման ուղղությամբ և մեծ կարևորություն է տալիս ESG (բնապահպանական, սոցիալական և կառավարման) սկզբունքներին։ Մաքուր տեխնոլոգիաների ներդրումը և «կանաչ» ներդրումների խթանումը ոչ միայն նվազեցնում են բնապահպանական ռիսկերը, այլև բարձրացնում Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի մրցունակությունը միջազգային շուկաներում», - նշվում է ուղերձում։

Մաթևոսյանը հիշեցրել է, որ 2026 թվականի հոկտեմբերին Հայաստանում տեղի կունենա Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը։ «COP17-ը աննախադեպ իրադարձություն կդառնա Հայաստանի համար, քանի որ երկիրը կհայտնվի համաշխարհային ուշադրության կենտրոնում՝ որպես գլոբալ բնապահպանական առաջնահերթությունների քննարկման հարթակ։

Սա մեծ պարտավորություն է դնում մեր վրա, ըստ որի պետք է ավելի պատասխանատու քաղաքականություն և գործնական քայլեր մշակել, այդ թվում՝ հանքարդյունաբերության ոլորտում։ Թափանցիկությունը, հաշվետվողականությունը և շահագրգիռ կողմերի հետ փոխգործակցությունը այն հիմքն են, որի վրա պետք է կառուցվի ոլորտի ապագան։ Մեր քաղաքականությունը շարունակաբար կատարելագործվում է՝ ապահովելով գործընթացների բացությունն ու հավասարակշռվածությունը։

Այսօր հանքարդյունաբերության ոլորտում առաջնահերթություն է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) խիստ չափորոշիչների պահպանումը, ջրային և հողային ռեսուրսների պահպանությունը, թափոնների արդյունավետ կառավարումը և հանքային աշխատանքների ավարտից հետո վերականգնման ծրագրերի իրականացումը։

Մենք համոզված ենք, որ Հայաստանը կարող է օրինակ դառնալ տարածաշրջանում՝ ցույց տալով, որ հանքարդյունաբերությունը կարող է լինել ոչ միայն շահութաբեր, այլև պատասխանատու և կայուն ոլորտ։ Այս համաժողովը եզակի հնարավորություն է տալիս համատեղ կերպով մշակել հավասարակշռված ռազմավարություն, որը կհամադրի ներդրումները, տնտեսական և բնապահպանական շահերը։ Շրջակա միջավայրի նախարարությունը պատրաստ է սերտ համագործակցության՝ ստեղծելու այնպիսի պայմաններ, որոնցում հանքարդյունաբերության զարգացումը կհամակցվի Հայաստանի բնության պաշտպանության և ապագա սերունդների հանդեպ մեր պատասխանատվության հետ», - հավելել է նախարարը։

bottom of page