Վիզաների ազատականացման գործընթացում բարձր են գնահատվել ՆԳՆ ջանքերը
- Lilit

- 2 hours ago
- 1 min read

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բելգիայի Թագավորություն այցի շրջանակում հանդիպել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների հետ։
Արփինե Սարգսյանը ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում առաջնորդության և կառուցողական ներգրավվածության համար շնորհակալություն հայտնելով Մագնուս Բրուններին՝ ընդգծել է, որ Հայաստանը Գործողությունների ծրագրի հենանիշերը որակով և պատշաճ ընթացակարգով իրականացնելու հանձնառություն ունի։
Նախարար Սարգսյանը նշել է, որ Հայաստանում է Գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը. քննարկվելու են ուղենիշների իրավական և քաղաքականության ապահովմանը վերաբերող հարցեր։
ՆԳ նախարարն անդրադարձել է նաև Գործողութունների ծրագրում նախանշված մի շարք միջոցառումների իրականացմանը, մասնավորապես՝ ներկայացրել է բիոմետրիկ համակարգի ներդրման, առողջության համընդհանուր ապահովագրության և այլ ուղղություններով շոշափելի քայլերը։
Արփինե Սարգսյանը կարևորելով ԵՄ կառույցների՝ Ֆրոնտեքսի և Եվրոպոլի հետ համագործակցությունը՝ նշել է, որ առաջիկայում Եվրոպոլ է ներկայացվելու կապի սպայի թեկնածությունը։
ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները Միգրանտների անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարի գլոբալ դաշինքին միանալու և միջազգային համաժողովում ուղերձով հանդես գալու համար շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին։
ԵՄ հանձնակատարը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ որպես երկրի գլխավոր բանակցող, վիզաների ազատականացման շրջանակներում կառուցողական երկխոսություն ապահովելու համար։
Քննարկվել է 2026 թվականի մարտին Մագնուս Բրունների՝ Հայաստան այցին վերաբերող մանրամասներ։
Ընդգծելով կառուցողական համագործակցությունը՝ Մագնուս Բրունները նշել է, որ անհամբերությամբ սպասում է Հայաստան այցելությանը։
Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, շեշտադրվել է արդյունավետ համագործակցությունը շարունակելու երկկողմ հանձնառությունը։




















