Ադրբեջանի ԱԳՆ-ն Բորելին մեղադրել է «հայերին հաճոյանալու փորձի» համար
- Lilit

- Jun 21, 2024
- 2 min read

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ԵՄ-ին զերծ մնալ «կանխակալ» հայտարարություններից, որոնք «խաթարում են» տարածաշրջանում խաղաղության ջանքերը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի երեկվա հայտարարությունը։
«Ցավոք, սա ԵՄ բարձր ներկայացուցչի ևս մեկ փորձ է՝ «հաճոյանալու հայերին» և առաջ մղելու «բարոյական կամ փաստական հիմք չունեցող» նարատիվը: Մենք մերժում ենք այս «կեղծ և սադրիչ» մեղադրանքները։ Ադրբեջանը, որպես մարդասիրական ժեստ և միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորություններին համապատասխան, ազատ է արձակել և հայրենիք է վերադարձրել ավելի քան 200 հայի, որոնք 2020 թվականից ի վեր իրավասու էին ռազմագերիի կարգավիճակ ստանալ կամ կալանավորված էին համարվում»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հետ վարվել են 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների պահանջներին համապատասխան։Նախօրեին Բորելն ասել էր, որ ԵՄ-ն շարունակում է Ադրբեջանին կոչ անել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եվրախորհրդարանի պատգամավորների հարցերին պատասխանել էր գրավոր:«ԵՄ-ն շարունակում է աջակցել բոլոր չլուծված հարցերի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղից ձերբակալվածների վիճակին, ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում պահպանել պատշաճ իրավական ընթացակարգը, ձերբակալվածների պաշտպանության հիմնական սկզբունքները և ապահովել թափանցիկություն: ԵՄ-ն համոզված է, որ վստահության ամրապնդման միջոցները, ներառյալ Ադրբեջանում պահվող հայ կալանավորների ազատ արձակումն ու հայրենադարձությունը, կարող են օգուտ բերել ընդհանուր խաղաղ գործընթացին և ճանապարհ հարթել կողմերի միջև վստահության ամրապնդման համար»,- գրել էր Բորելը և հիշեցրել, որ այդ կապակցությամբ ԵՄ-ն ողջունել է 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը վստահության ամրապնդման միջոցների, այդ թվում՝ բանտարկյալների փոխանակման վերաբերյալ, և շարունակում է կոչ անել հետագա քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։«ԵՄ-ն շարունակում է համագործակցել Ադրբեջանի հետ մարդու իրավունքների շուրջ կանոնավոր երկխոսության, ինչպես նաև երկկողմ շփումների շրջանակներում: Բաքվում ԵՄ ներկայացուցչությունը ուշադիր հետևում է իրավիճակին տեղում և սերտ կապի մեջ է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որը կանոնավոր հասանելիություն ունի հայ բանտարկյալներին: Բացի դրանից՝ ԵՄ-ն շարունակում է Ադրբեջանին կոչ անել ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքները, ներառյալ նրանց՝ առանց ահաբեկման և խտրականության, իրենց տները վերադառնալու իրավունքի իրացումը: ԵՄ-ն նաև շարունակում է աջակցել Ղարաբաղի հայերին, որոնք տեղահանվել են 2023 թվականի սեպտեմբերին և դրանից առաջ, և այդ ժամանակից ի վեր տրամադրել է ավելի քան 33 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն՝ նրանց կարիքները բավարարելու համար՝ ուղղակի մարդասիրական օգնության և Հայաստանի կառավարության բյուջեին աջակցելու միջոցով»,- ասված էր պատասխանում:




















