top of page

Խաղաղության պայմանագրի օրակարգը Հայաստանի համար է առաջնահերթություն, նախապայմաններ չենք դնելու. ՔՊ-ականները՝ Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի նախապայմանի մասին

  • Apr 18
  • 1 min read


Մենք որևէ նախապայմաններ չենք դնում խաղաղության հասնելու համար, որովհետև նախապայման դնելը փակուղի տանող ճանապարհ է, այն խնդիրները չլուծելու մասին է: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք խաղաղության պայմանագիր ստորագրելու համար ՀՀ-ն գերիների վերադարձի նախապայման կդնի:

«Գերիների վերադարձի և ՀՀ-ում գտնվող ադրբեջանական զորքերի դուրս բերման հարցը հնարավոր է լուծել խաղաղության պայմաններում, և մենք գնալու ենք այս օրակարգով»,- նշեց Հովհաննիսյանը:  

Անդրադառնալով Սահմանադրությանը՝ Հովհաննիսյանը շեշտեց, իրենք դեռ 2019 թվականից ասել են, որ ՀՀ-ին պետք է նոր Սահմանադրություն և դրա օրակարգը բացառապես ՀՀ-ի ներքաղաքական օրակարգն է:

Խոսելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու ու նախապայմաններ չդնելու մասին՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն էլ հավելեց, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար նախապայմաններ առաջ չեն քաշելու, որովհետև խաղաղության պայմանագիրը մեզ է պետք, խաղաղության պայմանագրի օրակարգը Հայաստանի համար է առաջնահերթություն:

«Մենք մեր մի շահը մյուս շահի հետ չենք կարող փոխել ու չենք կարող ասել «մենք կկրակենք մեր ոտքին, եթե չանեք այն, ինչ մենք ուզում ենք»: Խաղաղությունը հոգօտ Հայաստանի է, պետք է ամեն ջանք գործադրել՝ օր առաջ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար: Բազմիցս նշել ենք, պատրաստ ենք նույնիսկ այս պահին ստորագրել խաղաղության պայմանագիրը և հետո շարունակությունը համաձայնեցնել: Նախապայմանները միայն ավելի բարդացնում են պրոցեսը»,- նշեց նա:

1/3375
bottom of page