Մինչև հունվարի 3-4-ը ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Գագիկ Սուրենյան
- Lilit

- 2 hours ago
- 1 min read

Հունվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է 1-2 աստիճանով կլիմայական նորմայից բարձր, տեղումների քանակը՝ նորմայի սահմաններում, այսինքն՝ մեզ սպասում է նորմայից մի փոքր տաք և բավարար տեղումներով հունվար: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Հունվարի առաջին տասնօրյակում՝ հատկապես հունվարի 3-4-ն ընկած ժամանակահատվածում, մեր երկիրը հիմնականում արկտիկական ցուրտ օդային հոսանքների ազդեցության գոտում կլինի: Այս օրերի համեմատությամբ օդի ջերմաստիճանը երկրի ամբողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով:
Արկտիկական ցուրտ օդային հոսանքները հանրապետությունում կմնան մինչև հունվարի 8-9-ը ներառյալ: Հունվարի երկրորդ և երրորդ տասնօրյակներում հիմնականում հանրապետությունում կգերակշռեն հարավ-արևմուտքից, հարավից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքները, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը հունվարի երկրորդ տասնօրյակին առաջին տասնօրյակի համեմատությամբ զգալի կբարձրանա: Այսինքն՝ հունվարի առաջին տասնօրյակը կլինի մի փոքր սառը, ջերմաստիճանը 1-2 աստիճանով կլինի նորմայից ցածր, բայց հունվարի երկրորդ և երրորդ տասնօրյակներին օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով:
Թվաբանական միջին արժեքով ստացվում է, որ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով»,- ասաց նա:
Հունվարի առաջին տասնօրյակում, ըստ Սուրենյանի, գիշերային ժամերին ջերմաստիճանն ամենաշատը կնվազի երկու մարզում՝ Շիրակում և Գեղարքունիքում, որտեղ ջերմաստիճանը կնվազի մինչև -25... -30 աստիճանի, իսկ Երևանում հունվարի առաջին տասնօրյակում՝ գիշերային ժամերին, կանխատեսվում է -15... -17 աստիճան ցուրտ:




















