«Հազարավոր ընտանիքներ չեն ստանա իրենց բնակարանները». Կառուցապատողները անշարժ գույքի հարկի արտոնություն կստանան
- Lilit

- Sep 9
- 2 min read

Երևանի ավագանին իր այսօրվա՝ սեպտեմբերի 9–ի նիստում որոշում կայացրեց, որով քաղաքապետարանը կառուցապատողներին անշարժ գույքի հարկի արտոնություն կտա մինչև ավարտական ակտերի հաստատումը։
Հարցը ներկայացրեց քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը՝ նշելով. «Նախագծի մշակումը պայմանավորված է կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնող բազմաթիվ ընկերությունների կողմից գործնականում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ կառուցվող շենքի նկատմամբ անշարժ գույքի հարկով հարկման մեխանիզմը հաշվարկելու և կիրառելու մասով: Նախագծով առաջարկվում է կարգավորել դեռևս կառուցման փուլում գտնվող (ավարտական ակտ չստացած) շենքերի նկատմամբ անշարժ գույքի հարկի հաշվարկման մոտեցումները:
Առկա օրենսդրությամբ սահմանված կարգավորումների համաձայն՝ 2023 թվականից մեկնարկված կառուցապատման ծրագրերի վրա հաշվարկում է չկառուցված շենքի (անավարտ կիսակառույց) անշարժ գույքի հարկ։
Հաշվի առնելով կառուցապատման շուկայում խորացող խնդիրները, սնանկությունների և ձախողումների առավել ռիսկայնությունը, առաջարկվում է հնարավորություն տալ Երևան քաղաքի ավագանուն Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող ավարտական ակտ չստացած բազմաբնակարան շենքերի կառուցապատողների նկատմամբ կիրառելու արտոնություններ:
Առկա խնդիրները լուրջ մարտահրավերներ են ստեղծում կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացում։ Գործող կարգավորումների համաձայն՝ զուգահեռ ավելանում է նաև նոր ու չնախատեսված ֆինանսական բեռ՝ ի դեմս դեռևս չավարտված և կառուցման փուլում գտնվող շենքի համար առավելագույն ավարտվածության գործակցով հաշվարկվող անշարժ գույքի հարկի»։
հակոբյանի խոսքով, արդյունքում՝ բազմաթիվ կառուցապատողներ ապագայում կհայտնվեն սնանկության եզրին, հազարավոր ընտանիքներ չեն ստանա իրենց խոստացված բնակարանները, կառաջանան տնտեսական ծանր հետևանքներ, երկրի ներդրումային միջավայրը կկրի ռիսկեր, կնվազեն նոր կառուցապատման ծրագրերի մեկնարկի տեմպերը, ինչը բացասական անդրադարձ կունենա բիզնես միջավայրի վրա:
Վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով առաջարկվում է սահմանել, որ անշարժ գույքի հարկի գծով արտոնություններ կարող են սահմանվել նաև Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող ավարտական ակտ չստացած բազմաբնակարան շենքերի կառուցապատողների նկատմամբ:
Ընդ որում, ավարտական ակտ չստացած բազմաբնակարան շենքերի կառուցապատողների նկատմամբ անշարժ գույքի հարկի գծով կարող է կիրառվել 2023 թվականից մինչև 2025 թվականը ներառյալ հաշվարկված և չվճարված հարկի նվազեցման արտոնություն՝ 25 %-ի չափով և նույն ժամանակահատվածի համար սահմանված կարգով հաշվարկված տույժերից ազատում: Նշված արտոնությունների կիրառումից հետո ավարտական ակտ չստացած բազմաբնակարան շենքերի կառուցապատողների նկատմամբ անշարժ գույքի հարկի գծով հաշվարկված մնացած հարկի գումարի նկատմամբ կարող են կիրառվել նաև հետևյալ արտոնությունները.
1) մինչև 50.000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անշարժ գույքի համար՝ 2023 թվականից մինչև 2025 թվականը ներառյալ հաշվարկված հարկի նվազեցում 25 %-ի չափով.
2) 50.000 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անշարժ գույքի համար՝ 2023 թվականից մինչև 2025 թվականը ներառյալ հաշվարկված հարկի նվազեցում 50 %-ի չափով:
Նախատեսված արտոնությունները չեն կարող կիրառվել, եթե առկա է նշված հիմքերից որևէ մեկը.
1) մինչև արտոնության տրամադրումը կառուցապատողին տրամադրվել է ավարտական ակտը.
2) շինարարության թույլտվության ժամկետը լրացել է և շինարարության թույլտվության ժամկետը սահմանված կարգով չի երկարաձգվել: Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռնի կառուցապատման ոլորտի ընկերություններին խուսափել սնանկության եզրին հայտնվելու ռիսկից, կնվազեցնի տնտեսական հետևանքների ռիսկը, կբարելավվի երկրի ներդրումային միջավայրը, կմեկնարկեն կառուցապատման նոր ծրագրեր, ինչն իր դրական անդրադարձը կունենա բիզնես միջավայրի վրա»։




















