ԱՄՆ պատժամիջոցներին ենթարկվածն ապահովելու է կարգուկանոնը Վրաստանի խորհրդարանական ընտրություններում

Վրաստանի հատուկ նշանակության զորքերի՝ ԱՄՆ պատժամիջոցներին ենթարկված ղեկավար Զվիադ Խարազիշվիլին կմասնակցի կարգուկանոնի պահպանմանը խորհրդարանական ընտրությունների օրը, տեղեկացրել է Newsgeorgia-ն։
Վրաստանի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին սեպտեմբերի 30-ին ստորագրել է հրաման ոստիկանական տարածքային խմբերի ստեղծման մասին։ Նրանք պետք է հոգան, որպեսզի հոկտեմբերի 26-ի ընտրություններն անցնեն «ազատ, անվտանգ եւ հանգիստ իրադրությունում»։ Խմբերին հանձնարարելու են պարզել եւ կանխել իրավախախտումները Թբիլիսիում եւ Վրաստանի տասը մարզերում։
«Ազատություն» ռադիոյի վրացական ծառայությունն ուշադրություն է դարձրել խմբերի կոմպլեկտավորման կարգին։ Հրամանի համաձայն՝ խմբերը կձեւավորվեն ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներից։ Դրանք պետք է բաղկացած լինեն հինգ ուժայիններից։ Դրանցից յուրաքանչյուրում Խարազիշվիլին կնշանակի իր ենթականերից մեկին։
Վրաստանի ՆԳՆ-ն ձեւավորել էր տարածքային խմբեր նաեւ 2020թ. խորհրդարանական ընտրություններից առաջ։ Այն ժամանակ հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի ղեկավարը ուղիղ չէր ներառվել այդ գործընթացին։ Հատուկ զորքերի աշխատակիցներին խմբերում նշանակում էին դեպարտամենտի տարածքային միավորների ղեկավարները։
Զվիադ Խարազիշվիլին եւ նրա տեղակալ Միլերի Լագազաուրին հայտնվել են ԱՄՆ ֆիննախի պատժամիջոցների ցուցակում սեպտեմբերի 16-ին։
Պատճառը նրանց դերակատարությունն է այս գարնանը օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ խաղաղ ցույցերի դաժան ցրման գործում։