top of page

Հայաստանը «քամուն հակառակ է թքում»․ ինչո՞ւ Փաշինյանը չի ցանկանում ԲՐԻԿՍ-ի անդամ լինել

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 22-24-ը Կազանում տեղի կունենա ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը, որին մասնակցելու են ոչ միայն ԲՐԻԿՍ անդամ երկրներ, այլև այլ պետություններ: Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հաստատեց շրջանառվող լուրը, որ ընդունել է հրավերը և մասնակցելու է գագաթնաժողովին։ Սակայն, մինչ բոլոր երկրները ցանկանում են ԲՐԻԿՍ-ի անդամ լինել, Փաշինյանը այլ տեսակետ է հնչեցնում.

«ԲՐԻԿՍ-ին ինտեգրվելու օրակարգ այս պահին չունենք։ ՌԴ նախագահից հրավեր եմ ստացել՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, որը հոկտեմբերին Կազանում է տեղի ունենալու։ Ես ընդունել եմ հրավերը։ Այս պահին ավելին ասել չեմ կարող, միայն կարող եմ ասել՝ եթե լրացուցիչ որևէ անելիք լինի, ապա ՀՀ-ն պատրաստ է այն իրականացնել»,- նշել է Փաշինյանը։

Եթե նայենք Հայսատանի հարևաններին, ապա և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը ցանկանում են ԲՐԻԿՍ-ի անդամ լինել, Իրանը այդ բախտին ավելի մոտ է՝ նա, մի շարք երկրների հետ միասին, հրավիրված է 2024թ․ հունվարի 1–ից լինել ԲՐԻԿՍ-ի անդամ:  Հայաստանը, պարզվում է, չի էլ դիտարկում այդ հեռանկարը։

Ի՞նչ են կարծում այս ամենի մասին փորձագիտական շրջանակները:

«Մեր հասարակությունը, քաղաքական վերնախավը՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, պետք է բացեն քարտեզը և տեսնեն, թե ինչ է կատարվում Հայաստանի շուրջ, նայեն, թե աշխարհաքաղաքական  ո՞ր դիրքում ենք գտնվում, ովքե՞ր են մեր հարևանները»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

Պետք նայել, թե աշխարհաքաղաքական ինչ միտումներ կան, շարունակեց նա, և եթե «Bloomberg»–ը, օրինակ, ասում է, որ ԱՄՆ–ն հեռանալու է Եվրոպայից, անկախ նրանից, թե Միացյալ Նահանգներում ընտրություններն ինչպես են ավարտվելու, սա մի միտում է։

«Մյուս տենդենցն այն է, որ գլոբալ հարավի երկրները միավորվել են ԲՐԻԿՍ-ի շուրջ։ ԲՐԻԿՍ-ն այնպիսի կառույց չէ, ինչպես են ՆԱՏՕ–ն կամ ԵՄ–ն, ԲՐԻԿՍ-ում պետությունները միավորված են մեկ գաղափարի առանցքի շուրջ՝ բոլորը հասկանում են, որ ԱՄՆ–ն ունի լուրջ տնտեսական խնդիրներ և ամերիկյան տնտեսության վերափոխմանն ընդառաջ այս պետությունները միավորվել են, որ սպասելիք ճգնաժամն ավելի նվազ կորուստներով կարողանան անցնեն»,– ասաց Մաթևոսյանը։

Քարտեզը հուշում է մեզ, ըստ քաղաքագետի, որ Իրանը ցանկանում է ԲՐԻԿՍ-ի անդամ դառնալ, Թուրքիան և Ադրբեջանը՝ ևս: 

«Իսկ շատ կզարմանա՞ք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո Բիձինա Իվանիշվիլիի կուսակցությունը, որը պատրաստ է Հարավային Օսիայից ներողություն խնդրել 2008 թվականին տեղի ունեցածի համար, ինչը շատ մեծ քայլ է լինելու ՌԴ–ի հետ  հարաբերությունները ոչ թե վերականգնելուն, այլ գրեթե գործընկերային մակարդակի բարձրացնելուն ուղղված, որ Վրաստանն էլ հետաքրքրություն ցուցաբերի ԲՐԻԿՍ-ի հետ համագործակցելու»,– նշեց նա։

Ըստ քաղաքագետի՝ ստացվում է, մեր շուրջը բոլորը գնում են մի ուղղությամբ, իսկ մենք թեքվել ենք հակառակ կողմ և ինքներս մեզ փորձում ենք համոզել, թե աշխարհում ինչ գործընթացներ տեղի են ունենում, Հայաստանի շուրջ են տեղի ունենում։ 

«Եթե ինքներս մեզ չխաբենք, պետք է հասկանանք, որ անկախ ԱՄՆ–ի ընտրությունների արդյունքից՝ Քամալա Հարրիսը կընտրվի, թե Դոնալդ Թրամփը, պետք է հասկանանք, որ մեծ Եվրասիայի մաս ենք, մեր դուրը դա գալիս է դա, թե ոչ, բայց զարգացման տենդենցներն այդ ուղղությամբ են տանում։ Մենք 100 տարի առաջ չկարողացանք կողմնորոշվել, որի արդյունքում ստացանք 30.000 քկմ Հայաստան։ Ցավում եմ, որ 100 տարի անց գրեթե նմանատիպ գործընթացներ են տեղի ունենում, իսկ Հայաստանը «քամուն հակառակ է թքում»: Պետք է հասկանալ մի շարք բան՝ անկախ նրանից, թե ԱՄՆ–ի ընտրություններն ինչպես կավարտվեն, կկենտրոնանա՞ն Չինաստանին զսպելու հարցի վրա, թե՞ ոչ, Ռուսաստանը Ուկրաինայում մինչև Կիև կհասնի՞, թե՞ ոչ, և այլն: Եվ անկախ դրանից, գործընթացներ են տեղի ունենում, որոնց Հայաստանի քայլերը ոչ միայն համահունչ չեն, այլ մարդկային տրամաբանությանն են հակասում»,– եզրափակեց Մաթևոսյանը։

1/2283
bottom of page