Այս պահին Վարդենիսում կատարվողը որևէ աղերս չունի իրավական պետության բաղադրատարերի հետ. Թովմասյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է.
«Այս պահին Վարդենիսում կատարվողը որևէ աղերս չունի ժողովրդավարական և իրավական պետության բաղադրատարերի հետ: Այսօր Վարդենիսի ավագանին պետք է քաղաքապետ ընտրի, բայց չի հաջողվում:
Առավոտից Վարդենիսում իշխանությունն օգտագործում է ժողովրդի կողմից ընտրված թեկնածուների նկատմամբ ճնշման մի ամբողջ գործիքակազմ։ Մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների ենք ականատես լինում, բերման են ենթարկվել ավագանու անդամներ, խոչընդոտվում է փաստաբանի մասնագիտական գործունեությունը և այսպես շարունակ։
Ինչո՞ւ, որովհետև իշխող ՔՊ-ն չի հավաքել 50% +1 ձայն... Բայց չէ՞ որ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները իրենց կամքով ընտրել են հպարտ ավագանիների։ Մի՛ խոչընդոտեք ավագանիների իրավունքների իրացմանը, մի՛ ոտնահարեք ժողովրդավարական արժեքները, հիշե՛ք՝ քաղաքացին է տերը մեր երկրի, և որևէ մեկդ հավերժական չեք:
Հ. Գ. Ոստիկանությունը պետք է ցուցաբերի քաղաքական չեզոքություն՝ պահպանելով բացառապես օրենքի տառը»: