top of page

Արցախում մտադիր են նորից անցնել կիսանախագահական մոդելին․ դրան կողմ են քաղաքական ուժերը



Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օրերս հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ընթացքում քննարկել է Արցախում հնարավոր սահմանադրական փոփոխություններ անցկացնելու հեռանկարը։


Հարությունյանը մասնավորապես խոսել է 2025 թվականի հերթական նախագահական ընտրությունների հետ կապված հնարավոր բարդությունների մասին և ընդգծել, որ դրանք հաղթահարելու համար պետք է մայր օրենքում որոշակի փոփոխություններ արվեն։ Քննարկվել է նաև կառավարման մոդելի փոփոխման հնարավորությունը՝ ուժեղ նախագահականից անցում կատարել կիսանախագահական մոդելին։


Արցախի խորհրդարանի ՀՅԴ խմբակցությունն, ընդհանուր առմամբ անհրաժեշտ է համարում սահմանադրական փոփոխություններ անցկացնելը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանն ասաց, որ առայժմ գործընթացը սկսված չէ, բայց որ կա նման մտադրություն՝ միանշանակ է․ «Եթե դուք հիշում եք, մենք այն եզակի քաղաքական ուժերից էինք, որ դեմ էինք այս Սահմանադրությանը՝ չնայած այն ժամանակ իշխանության հետ համագործակցում էինք։ Մենք այն ժամանակվա նախագահին էլ ենք մեր կարծիքը ներկայացրել, նաև հրապարակայնորեն հայտնել մեր առարկությունները։ Գործող սահմանադրությունը պետության կառավարման համար խնդիրներ ստեղծող սահմանադրություն է՝ մանավանդ մեզ մտահոգող հանգամանքն այն է եղել, որ միաժամանակյա ընտրություններ են անցկացվում։ Խոսքը վերաբերում է Ազգային ժողովի և նախագահի ընտրություններին։ Դա միշտ էլ հղի է որոշակի ճգնաժամերով, կյանքն էլ ցույց տվեց, որ դա իսկապես այդպես է և կարծում եմ, որ անպայման պետք է այդ հարցը լուծում ստանա»։


Հետաքրքրվեցինք՝ իրենք կո՞ղմ են , որ հետ անցում կատարվի կիսանախագահական կառավարման մոդելին, Վահրամ Բալայանը պատասխանեց․ «Այս պահին չեմ կարող ասել, թե ինչ մոդել կընտրվի։ Բայց որ փոփոխություն կլինի՝ անկասկած է։ Քանի որ առայժմ ամեն ինչ հում վիճակում է, խոսակցությունների մակարդակում և մոտակա ամիսներին նույնպես քննարկումներ կլինեն՝ առայժմ շատ բան ասել չեմ կարող։Ամեն դեպքում ՝մենք միանշանակ կողմ ենք, որ փոփոխություններ տեղի ունենան»,-եզրափակեց նա։


Արցախի խորհրդարանի «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ որոշ քննարկումներ եղել են, բայց Ազգային ժողովում ակտիվ փուլ չի մտել․ «Առայժմ գաղափարի մասին են քննարկումներ եղել։ Ստեղծվելու է համապատասխան հանձնաժողով՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, որպեսզի կոնկրետ միջոցառումներ իրականացվեն։ Որոշ ժամանակ հետո ավելի կոնկրետ աշխատանքներ կիրականացվեն և մենք ավելի հստակ կներկայացնենք մեր մոտեցումը»։


Դիտարկմանը, թե կիսանախագահական կառավարման մոդելին անցում կատարելուն կողմ էր նաև ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, արդյոք սա ենթադրում է , որ իրենց խմբակցությունը պնդելու է, որ անցում կատարվի հենց այս կառավարման համակարգին, մեր զրուցակիցը պատասխանեց․«Մոդելի մասին չի խոսվել, դա հավանական տարբերակներից մեկն է։ Մեր մոտեցումը մենք բաց կերպով կներկայացնենք։ Հասարակությունն էլ իր կարծիքը պետք է համապատասխան հանրաքվեյով ներկայացնի՝ այդ փոփոխություննեին հավանություն տալով կամ մերժելով»։

1/2108
bottom of page