Օգնականը՝ «շեֆի» փոխարե՞ն․ հին ավանդույթները շարունակվում են
Հիշում ենք՝ ժամանակին ինչպես էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն անարգանքի սյունին գամում այն պաշտոնյաներին, որոնց կատարած հանցանքների համար քրեական պատասխնատվության էին ենթարկվում նրանց «հավատարիմ» ենթակաները, իսկ «շեֆերը», լավագույն դեպքում, բավարարվում էին հրաժարականի դիմումներով՝ կարճ ժամանակ անց իրենց պաշտոնում վերականգնվելու կամ այլ գործի նշանակվելու երաշխիքներով։ 2018-ի հեղափոխությունը պետք է վերացներ արատավոր այդ երևույթները․ այդպես էին խոստանում հարթակը, հեղափոխության մունետիկը։ Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով Վայոց Ձորի նախկին մարզպետ, ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը դատապարտվել է ազատազրկման։ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում և արդեն շուրջ երկու տարի է, ինչ գտնվում է կոմայի մեջ։ Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաև Տրդատ Սարգսյանը, որը հենց այս աղմուկի հետեւանքով հայտարարեց մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին։
Միջադեպին մարզպետի ներկայության հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաեւ 3 վկաները, այդուհանդերձ նախկին մարզպետին մեղադրանք չի առաջադրվել։ Հեղափոխական հարթակն ու Փաշինյանը դարձյալ խաբեցին, որովհետև ամբողջ երկիրն ամիսներ շարունակ խոսում էր այն մասին, որ փոխգնդապետի դաժան ծեծին մասնակցել է կամ առնվազն անմարդկային այդ բռնությունը հրահրել է հենց նախկին մարզպետը։ Եթե դա այդպես չլիներ, Տրդատ Սարգսյանը մարզպետի պաշտոնից հրաժարական չէր տար։ Նա՝ իր այդ քայլով, անուղղակի ստանձնել է միջադեպի
պատասխանատվությունը։ Բայց գործել է հին համակարգի տրամաբանությունը՝ Նիկոլ Փաշինյանի յուրայինը վեր է օրենքից ու անձեռնմխելի է, եթե նույնիսկ իր արարքով մահվան շեմին է հասցրել մարդուն, էլ չենք ասում այն մասին, որ իր արարքով նսեմացրել է Զինված ուժերին, սպային։ Ինչի՞ դիմաց է նման «արտոնություն» ստացել Տրդատ Սարգսյանը, ինչո՞ւ օրինախախտը դարձավ օրինաստեղծ․ սրանք հարցեր են, որոնց պատասխանները մի օր, անշուշտ, կստանանք, սակայն մինչ այդ իրավական «բեսպրեդելը» նոր կյանքեր է խժռելու, նոր ճակատագրեր է խեղելու։
Վահրամ Բագրատյան